18:39  ,  10 հոկտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյան. Կփորձենք անակնկալի բերել մրցակցին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի՝ Վրաստանի դեմ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Հայաստանի ազգային ընտրանու ավագը խոսել է երկրորդ անգամ հավաքական հրավիրված Վահան Բիչախչյանի, վերջին տարիներին հավաքական հրավիրվող երիտասարդ ֆուտբոլիստների մասին, նաև նշել, որ ազգային թիմի ֆուտբոլիստները գիտակցում են առաջիկա հանդիպումների կարևորությունը:

«Առաջին անգամ եմ մարզվել Բիչախչյանի հետ: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը ունի սովորելու ցանկություն և շատ բաների է ընդունակ, եթե աշխատի իր վրա: Խոսել եմ նրա հետ և ասել եմ, որ կանգ չառնի այնտեղ, որտեղ գտնվում է հիմա:

Չգիտեմ, թե ինչու վերջին տարիներին հավաքական հրավիրվող երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում մշտական տեղ գտնել թիմում, սակայն մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի օգնենք նրանց: Ազգային հավաքականը մի ընտանիք է, որտեղ բոլորը պատրաստ են օգնել իրար:

Հավաքական են հրավիրվել մեծ թվով նոր ֆուտբոլիստներ, սակայն դա մարզիչի աշխատանքն է, և նա ավելի լավ գիտի, թե ովքեր կարող են ավելի մեծ օգուտ տալ թիմին: Բոլորս հասկանում ենք առաջիկա հանդիպումների կարևորությունը և կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու և մրցաշարային աղյուսակում մեր դիրքը բարելավելու համար»,- ասել է Մխիթարյանը:

Խոսելով թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին՝ Մխիթարյանը նշել է, որ իսպանացի մասնագետը մեծ աշխատանք է կատարել հավաքականում, մարզումներն անցնում են շատ հաճելի մթնոլորտում և իր համար պատիվ է մարզվել Կապառոսի գլխավորությամբ ու սովորել նրանից:

«Վերլուծել ենք Վրաստանի հավաքականի խաղը: Վերջին մի քանի հանդիպումներում նրանք բավականին լավ են հանդես եկել, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մենք կփորձենք անակնկալի բերել Վրաստանին և հաջողության հասնել»,- եզրափակել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում կընդունի Վրաստանի հավաքականին: Խաղը տեղի կունենա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում