22:46  ,  9 հոկտեմբերի, 2020

Հովհաննես Բաչկովը հաղթանակը նվիրել է հայ զինվորին (ֆոտո)

Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ) նորամուտը հաղթանակով է նշել պրոֆեսիոնալ ռինգում:

Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել Արցախին նվիրված երգի ներքո: Մենամարտի վերջում նա ռինգ է վերադարձել հայ զինվորին նվիրված շապիկով, որի վրա պատկերված են Հայաստանը ու Արցախը: «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք կանգնած ենք կողքին»,- շապիկի վրա հետևյալ գրառումն էր:

Սամուել Գոնսալեսը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2013 թվականից, անցկացրել է 29 մենամարտ, տարել 22 հաղթանակ (13-ը նոկաուտով) և կրել 7 պարտություն:

Հիշեցնենք, որ հուլիսին Հովհաննես Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global պրոմոուտերական ընկերության հետ: Ավելի վաղ նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ վաղուց է ցանկացել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ըստ պայմանագրի՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, հայ բռնցքամարտիկը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում