18:29  ,  8 հոկտեմբերի, 2020

ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈւԵՖԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:

ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարևորությունը և դատապարտել է ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը:

ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈւԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը և ՈւԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլև հանդես կգա դատապարտող համապատասխան հայտարարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով