09:30  ,  8 հոկտեմբերի, 2020

Ո՞րքան գումար կստանան հայկական ակումբները եվրագավաթներին մասնակցելու համար

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այս մրցաշրջանում եվրագավաթների հոնորարների վերաբերյալ տեղեկատվություն, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հայկական ակումբներից ամենաշատը կվաստակի «Արարատ-Արմենիան», որը կստանա 1 միլիոն 200 հազար եվրո: 280 հազար եվրո Հայաստանի գործող չեմպիոնը կստանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելու համար, իսկ մնացած գումարը՝ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ հասնելու շնորհիվ:

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան», բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» և Գյումրիի «Շիրակը» 240-հազարական եվրո կստանան Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում էր Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային» (4:3), երրորդ փուլում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից» (1:0), իսկ վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզդային» (1:2):

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» պարտվել էր ղազակայան «Կայրաթին» (1:4), «Ալաշկերտը»՝ մակեդոնական «Ռենովային» (0:1), իսկ «Շիրակը»՝ ռումինական «Ստյաուային» (0:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով