09:08  ,  8 հոկտեմբերի, 2020

Սամվել Գեւորգյան․ Բոլորս մեկ մարդ դարձած պետք է պայքարենք, որ հաղթենք

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի մարզիչն իր հիացմունք է հայտնել սահմանում կռվող երիտասարդների մասին եւ նշել, որ հավաքականի բոլոր անդամներն ամեն ինչով պատրաստ են հայ զինվորի կողքին կանգնել:

«Մենք գիտենք, որ հաղթելու ենք: Տարբերակ չունենք չհաղթելու, որովհետեւ այս պատերազմում որոշվում է մեր ազգի, պետականության հարցը: Բոլորս մեկ մարդ դարձած պետք է պայքարենք, որ հաղթենք: Մեր զինվորները մարտի դաշտում են իրենց պայքարը մղում, մենք էլ պարբերաբար գորգում ենք հակառակորդի դեմ պայքարում: Յուրաքանչյուր մրցաշարում ադրբեջանցի եւ թուրք մրցակիցների հետ գոտեմարտերին ավելի զգոն ենք լինում, ավելի այլ կերպ պայքարի մեջ մտնում: Լինի սահմանին, թե մրցագորգում, ադրբեջանցին կա եւ մնում է մեր հակառակորդը: Երկու անգամ եղել ենք նաեւ Բաքվում եւ նրանց կողմից էլ տեսել ենք յուրահատուկ մոտեցում մեր նկատմամբ: Մենք հաղթում ենք գորգում եւ հաղթելու ենք նաեւ մարտի դաշտում:

Հպարտանում եմ մեր զինվորներով, երիտասարդներով: Նրանք միշտ էլ խիզախ են եղել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ գորգում: Պարծանքի են արժանի այն երիտասարդները, որոնք այսօր առաջնագծում են եւ պայքարում են մեր հողի ու հայրենիքի համար: Մեր սաներից շատերն էլ այսօր ճակատում են: Պատանիների աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիր, արդեն մեծերի հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը որպես կամավոր մեկնել է առաջնագիծ: Իսկ ովքեր էլ այստեղ են, մտքով եւ հոգով մեր զինվորների հետ են:

Ամենաթեժ օրերին, երբ սկսվեց պատերազմը, հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցնում «Օլիմպավանում»: Մարզումների ընթացքում, մարզումներից դուրս տղաների ուշքն ու միտքը սահմանում էր, զրույցները միայն պատերազմի մասին էին: Բոլորը խիստ անհանգստացած են արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող թեժ մարտերով: Որպես հավաքականի մարզիչ՝ ուզում եմ նշել, որ մեր հավաքականից յուրաքանչյուրը՝ օլիմպիական չեմպիոնից, չեմպիոններից մինչեւ երիտասարդներ, կազմ եւ պատրաստ են կռվի մեկնելու, մեծ ցանկություն ու պատրասկամություն են հայտնել իրենք էլ կռվի գնալու: Ցանկացած պահի պատրաստ են իրենց պարտքը մատուցել հայրենիքին: Հիացմունքի է արժանի, թե ինչ հայրենասիրություն կա այսօր մեր երիտասարդության մեջ եւ կարեւոր չի՝ նրանք օլիմպիական, աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ են, մարզաշխարհի ներկայացուցիչ են, թե այլ մասնագիտության տեր:

Այսօր հավաքականի բոլոր անդամները համախմբված Արթուր Ալեքսանյանի, Մաքսիմ Մանուկյանի եւ մեր մյուս չեմպիոնների գլխավորությամբ իրենց աջակցությունն են ցուցաբերում հայոց բանակին: Այդ ամենի մասին դեռեւս կարծում եմ կխոսվի, բայց մեր տղաները հարկ չեն համարում իրենց կողմից ցուցաբերած աջակցության մասին բարձրաձայնել:

Բոլորն էլ կանգնած են մեր բանակի կողքին եւ մեր բանակի զինվորներ են, այնպես, ինչպես հայկական մարզաշխարհի զինվորներ:

Շատ եմ ուրախանում՝ մեր ազգին այսքան համախմված տեսնելով: Պետք է միշտ այսպես համախմբված, միասնական լինենք: Սովորաբար այսպիսի իրավիճակներում ենք համախբվում: Միշտ պետք է այսպես լինենք, որ մեր երկիրը հզոր լինի: Ինչպես Անդրանիկն է ասել՝ եթե յուրաքանչյուրս քնելուց առաջ մեկ րոպե մեր հայրենիքի մասին մտածենք, ամենաուժեղը կլինենք: Ցանկանում եմ, որ այդպես վարվենք եւ շատ հզոր լինենք: Հաղթելու ենք, հավատում ենք»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս