12:30  ,  7 հոկտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին Երևանում նախապատրաստվում է Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 7-ին Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերից առաջ չէր միացել ազգային թիմին՝ նշելով, որ լավ մարզավիճակում չէ:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով