18:32  ,  6 հոկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն փոխել է Հայաստան - Վրաստան հանդիպման անցկացման վայրը

Հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգերի լիգայի Հայաստան - Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈւԵՖԱ-ի նախաձեռնությամբ։

Հանդիպումը տեղի կուննա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես և Հայաստան - Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը ընդունել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։

Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը։

ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան - Վրաստան հանդիպումն անցկացնել Երեւանում՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈւԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։

Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։

Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի թիմի հետ։

Ազգերի լիգայի Ադրբեջան - Կիպրոս հանդիպումը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում