19:48  ,  5 հոկտեմբերի, 2020

Նոբել Առուստամյան. Վստահ եմ, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդներն ուզում են մեկ բան՝ խաղաղություն

«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

«Շատ լավ հասկանում եմ, որ սոցցանցերում իմ ընկերների ու հետևորդների մեծամասնությունը չի ցանկանում և պետք էլ չէ, որ ներքաշվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մանրամասներում: Պատերազմում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Եվ դուք, հավանաբար, կասեք, որ իմ փաստարկները կողմնակալ են, և ինչո՞ւ պետք է հավատաք ինձ: Ավելի լավ է պարզապես շրջանցել դա:

Այո, գուցե այդպես էլ կա, ավելին՝ յուրաքանչյուր կոնֆլիկտում կա մեկ այլ կողմ: Եվ պետք չէ, որ դուք խորանաք տարածաշրջանի պատմության մեջ ու իմանաք, թե որ դարում են Լեռնային Ղարաբաղում ստեղծվել առաջին հայկական վանքերը: Դուք չպետք է իմանաք, թե ինչ ուժով են բոլշևիկները, ստեղծելով Ադրբեջանի նոր հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի 90 տոկոս հայկական բնակչության կամքին հակառակ այդ հողը հանձնել ադրբեջանական ԽՍՀ-ին՝ միևնույն ժամանակ Ղարաբաղին տալով ինքնավար մարզի կարգավիճակ: Ձեզ պետք չէ իմանալ, որ Խորհրդային Միության գոյության ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը ցանկանում էր դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից և միանալ հայկական ԽՍՀ-ին: Եվ երբ քանդվող Միությունում ստեղծվեց հրապարակայնություն, Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում տեղի բնակչությունը հերթական անգամ բարձրաձայնեց իր ցանկության մասին: Դրա պատճառով ադրբեջանական մեծ քաղաքներում (Բաքվում, Սումգաիթում) ապրող այլ հայեր (ավելի քան 250 հազար) ջարդերի զոհ դարձան և, ըստ էության, վռնդվեցին իրենց տներից:

Դուք կարող եք անտեսել տեղեկությունն այն մասին, որ դե ֆակտո մինչև 1994 թվականը տևած պատերազմում հայերը կարողացել են պաշտպանել իրենց հողն ու փաստացի հաղթել պատերազմում՝ իրավունք ստանալով ապրելու իրենց հողում: Ձեզ անպայման չէ մտածել, որ պաշտոնական Ադրբեջանը արդեն 30 տարի վարում է հակահայկական քաղաքականություն՝ սկսած դպրոցական ծրագրերից մինչև պետական պարգևների շնորհում հանցագործի, որը Հունգարիայում եվրոպական զորավարժությունների ժամանակ սպանել է քնած հայ սպայի, և դրա համար արժանացել պետական պարգևների: Ադրբեջանն անգամ նվազագույն հայկական արյուն ունեցող մարդուն, նույնիսկ՝ այլ երկրի անձնագրով, թույլ չի տալիս մեկնել Բաքու, և այդքանից հետո խոսում է Ղարաբաղի հայ բնակչության հետ ապրելու մասին: 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները շատ են  խոսել «իրենց տարածքի 20 տոկոսի վերադարձի», «ՄԱԿ-ի բանաձևերի» մասին, բայց երբեք չեն խոսել Ղարաբաղի հայերի ապագայի մասին, թեև դա միակ բանն էր, որ պետք էր անել նվազագույն մոտեցման համար:

Այն, ինչ գրում եմ, կարող եք հեշտությամբ փնտրել համացանցում և կտեսնեք, որ այս ամենը ճիշտ է:

Բայց ես սա չեմ գրում այդ պատճառով: Ես պարզապես ցանկանում եմ, որ դուք ֆիքսեք այսօրվա պահն ու իմանաք դրա մասին: Որպեսզի հնարավորինս շատ մարդ հասկանա, թե ինչ է կատարվում: Եվ որ հետո մարդիկ անխղճորեն չփակեն իրենց աչքերը:

Արցախի (հենց այդպես են հայերն անվանում Լեռնային Ղարաբաղը) պաշտպանական բանակը արդեն մեկ շաբաթ հերոսաբար դիմակայում է Ադրբեջանի իշխանությունների ծրագրված հարվածը սահմանի ամբողջ երկայնքով: Այդ ամենից բացի, հրապարակայնորեն ու մարտական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, որը վերջին ամիսներին զորավարժություններ էր անցկացնում Ադրբեջանում: Ու այս ամենը պատրաստվում ու տեղի է ունենում ամբողջ աշխարհն արգելափակած համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում: Ռուսաստանի ԱԳՆ-ը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես հայտարարում են, որ տարբեր ահաբեկչական երկրներից օտարերկրյա վարձկաններ են Ադրբեջան տեղափոխվել մարտական գործողություններին մասնակցելու համար:

Բոլոր խոշոր ԶԼՄ-ները (BBC, Reuters և այլն) գրում են այդ մասին՝ պատմելով, թե ինչ ճանապարհներով են այդ վարձկանները հասել Ադրբեջան և նշում նրանց հոնորարների մասին: Ադրբեջանի իշխանությունները առաջին օրվանից ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը՝ պարզապես սպանելով երեխաների, տարեցների, կանանց և ավերելով նրանց տները, հիվանդանոցներն ու դպրոցները: Այս ամենը հակասում է միջազգային նորմերին, ժնևյան կոնվենցիային և պարզապես տրամաբանությանը: Ինչպե՞ս է Ադրբեջանը, հայտարարելով «հաղթական ավարտի» մասին, պատրաստվում հայերի հետ ապրել Ղարաբաղում: Կամ «հաղթական ավարտը» ոչ միայն տարածքի գրավումն է, այլև տեղի բնակչության ցեղասպանությունն ու վտարումը:

Փոքր ու խեղճ Հայաստանը և 150 հազար բնակչություն ունեցող չճանաչված Արցախի հանրապետությունն այս օրերին պայքարում են խաղաղության, իրենց ապրելու իրավունքի համար: Եվ այդ մասին պետք է իմանան հնարավորինս շատ մարդիկ:

Ես դեռ հույս ունեմ, որ բանականությունը կգերակշռի, ռազմական գործողությունները կավարտվեն, մարդկային կորուստները երկու կողմերի կդադարեն: Այս պատերազմը երկու երկրներին ավելի է հեռացնում խաղաղության պայմաններում ապրելու հնարավորությունից: Ես վստահ եմ, որ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ ժողովուրդներն ուզում են մեկ բան՝ խաղաղություն»,- գրել է հայ մեկնաբանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում