19:44  ,  4 հոկտեմբերի, 2020

«Օլիմպավանում» ապաստանած արցախցի երեխաներին այցելել է Արթուր Ալեքսանյանը (ֆոտո)

Երեւանի «Օլիմպավանն» ապաստանել է Արցախից ժամանած 160  երեխաների եւ մայրերի: Երեխաներն իրենց ապահով են զգում, հետաքրքիր օր անցկացնում, ամեն ինչով ապահովված են: Հասցրել են հանդիպել արդեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին եւ մեր մյուս չեմպիոն ըմբիշներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օլիմպավանի» տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը:

«Օլիմպավանում» ապաստանած երեխաները Արցախի գրեթե բոլոր շրջաններից են: Ըստ Թաթուլ Հովհաննիսյանի, չնայած «Օլիմպավանն» ամեն ինչով ապահովել է երեխաներին, բայց մարզաբազան մեծ աջակցություն է ստանում թաղապետարանից, անհատ քաղաքացիներին եւ կամավորներից:

«Հյուրընկալել ենք տարբեր տարիքային խմբի երեխաների, ունենք նորածիններ, մայրերն են նրանց հետ, ծերեր նույնպես կան: Արցախի տարբեր քաղաքներից եւ գյուղերից են: Պատերազմը սկսելու հենց առաջին օրվանից ընդունում ենք երեխաներին:

Այս օրերին «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք են անցնում հունահռոմեական ոճի ըմբիշները եւ երեխաներին ապաստարանով ապահովելը որեւէ խնդիր չի առաջացրել, բոլորի համար էլ տեղ ունենք:

Օրվա ընթացքում երեք անգամ սնունդ, տաք եւ սառը ջուր, ամեն ինչով ապահովված են: Բացարձակ ոչնչի պակաս չունեն: Երեխաների հոգեբանական վիճակը լավ է, մայրերն ու ծերերն են տխուր: Բոլորի ամուսինները, ոմանց տղաները գտնվում են առաջնագծում, կապ ունեն նրանց հետ, պարբերաբար զրուցում են, տխրում են: Հասկանալի հոգեվիճակ է: Տարածքն ամբողջությամբ երեխաների տրամադրության տակ է, խաղում են բակում, լավ ժամանակ անցկացնում, մայրերն էլ գրեթե ամբողջ օրը լուրերին են հետեւում: Լավ են զգում իրենց:

Երեխաների հետ աշխատում են մեր աղջիկները՝ հնարավորինս հետաքրքիր օր են նրանց համար ստեղծում: Իմ տեղեկություններով նախատեսվում են նաեւ այցելություն թանգարաններ: Ամեն օր ինչ-որ բանով զբաղվում են: Հետեւում են մեր չեմպիոնների մարզումներին, հանդիպեցին նաեւ Արթուր Ալեքսանյանին, ինչը մեծ անակնկալ էր նրանց համար»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Օլիմպավանում» ապաստանած երեխաների հետ լուսանկարով է կիսվել Ինտսագրամի story  բաժնում եւ մակագրել՝ «Արցախի ապագան #հաղթելուենք»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում