09:09  ,  1 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան»՝ պատմություն կերտելու շեմին

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին կփորձի հասնել պատմական հաջողության և նվաճել եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմի մրցակիցը մեկխաղա դիմակայությունում կլինի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»:

Եվրագավաթներում անցած ուղին ու նախորդ խաղերը

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» անցկացրել է 3 հանդիպում, կրել մեկ պարտություն, գրանցել 2 ոչ ոքի ու 9 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է:

«Ցրվենա Զվեզդան» նույնպես մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ 5:0 հաշվով տնային հաղթանակ տանելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպայի» նկատմամբ: Երկրորդ փուլում Սերբիայի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել ալբանական «Տիրանայից», իսկ հաջորդ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Սերբիայի ընթացիկ առաջնության 9 տուրերում «Ցրվենա Զվեզդան» տարել է նույնքան հաղթանակ և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 խաղերում թիմը խփել է 31 գոլ և բաց թողել 3 գնդակ:

Տանը, բայց դրսում

Այս դիմակայությունում «Արարատ-Արմենիան» կունենա տանտիրոջ կարգավիճակ, սակայն կխաղա դրսում: Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել էր փոխել հանդիպման անցկացման վայրը: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի փոխարեն խաղը հոկտեմբերի 1-ին կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում: Ընդ որում՝ «Ցրվենա Զվեզդան» սեպտեմբերի 16-ին խաղացել է այս ստադիոնում, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մրցեց «Օմոնիայի» հետ և պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով:  

GSP ստադիոնում իրենց տնային խաղերն անցկացնում են «Օմոնիան», ԱՊՕԵԼ-ը, Նիկոսիայի «Օլիմպիակոսն» ու Կիպրոսի ազգային հավաքականը: 1999-ին բացված ստադիոնը հյուրընկալում է 22 859 հանդիսական, սակայն խաղն անցկացվելու է դատարկ տրիբունաների ներքո:

Լեգեոնականների կարևորությունը ստեղծված իրավիճակում

Եվրագավաթների այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում հայ խաղացողներ չէին ընդգրկվել «Օմոնիայի» և «Ֆոլայի» հետ դիմակայություններում, իսկ «Ցելյեի» հետ նախորդ խաղում մեկնարկային րոպեներից հանդես եկավ միայն Սարգիս Շահինյանը: Իհարկե, այս օրերին ցանկացած հայի բոլոր մտքերը արցախա-ադրբեջանական սահմանին մարտնչող հայ զինվորների հետ են և քչերն են մտածում իրենց գործերի, առավել ևս՝ ֆուտբոլի մասին: Այս պարագայում լեգեոնականների առկայությունը կարող է շատ օգտնել, քանի որ հայ ֆուտբոլիստների համար դժվար է կենտրոնանալ ֆուտբոլի վրա: «Արարատ-Արմենիայի» լեգեոնականները, իհարկե, հասկանում են այս հանդիպման կարևորությունը և ամեն ինչ կանեն պատմական հաղթանակով հայ ազգին մի փոքր ուրախացնելու համար:

«Արարատ-Արմենիան» պատմական հաջողությանը մոտ էր նաև նախորդ տարի, բայց Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Լյուսեմբուրգի «Դյուդելանժին»: Այս անգամ մրցակիցն անհամամատ ավելի ուժեղ է, բայց ոչ անհաղթահարելի:

Չեմպիոնների լիգայում հաղթած մրցակիցը՝ անվանի մարզիչով

1945 թվականին հիմնադրված «Ցրվենա Զվեզդան» 7 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և այդ ցուցանիշով զիջում է միայն «Պարտիզանին» (8 տիտղոս): Բելգրադի թիմը նաև 24 անգամ նվաճել է Հարավսլավիայի չեմպիոնի տիտղոսը: 1991 թվականին «Ցրվենա Զվեզդան» գրանցել է իր պատմության ամենանշանակալի հաջողությունը՝ դառնալով Եվրոպական չեմպիոնների հաղթող (այժմ Չեմպիոնների լիգա): Այդ եզրափակիչում սերբական թիմը հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել ֆրանսիական «Մարսելից»: 1979-ին թիմը խաղացել է ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում, իսկ 1991-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

2019 թվականից «Ցրվենա Զվեզդան» գլխավորում է իտալական «Ինտերի», «Լացիոյի» ու Սերբիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը, որը Բելգրադի թիմում խաղացել է 1994-1998-ը: Նախորդ մրաշրջանում թիմը Ստանկովիչի գլխավորությամբ դարձավ Սերբիայի չեմպիոն, ինչպես նաև մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ 3 միավորով վերջին տեղը գրավեց B խմբում («Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա»):

Ստանկովիչի թիմը հրաշալի է սկսել նոր մրցաշրջանը: Սերբիայի առաջնության մեկնարկային 9 տուրերից հետո «Ցրվենա Զվեզդան» 100 տոկոսանոց ցուցանիշով առաջին տեղում է, իսկ վերջին 2 խաղերում խփել է 10 գոլ (4:0, 6:0)

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Սերբիայի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում են 1.24 գործակցով: Հայկական ակումբի հաղթանակը ստացել է 15 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.60:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ ժամը 21:00 (GSP ստադիոն, Նիկոսիա)

Գլխավոր մրցավար՝ Տասոս Սիդիրոպուլոս (Հունաստան)

«Արարատ-Արմենիայի» հավանական մեկնարկային կազմը. Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անջելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Ալեքս Ժունիոր, Ալֆոնս Կոջո, Սարգիս Շահինյան, Յոան Գուֆրան, Ֆուրջել Նարսինգ, Մաիլսոն Լիմա, Յուսուֆ Օտուբանջո:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով