13:07  ,  30 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» ժամանել է Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մարտական կազմով մեկնել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպմանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից:

Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն արդեն ժամանել է մրցավայր: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները Կիպրոս մեկնելու վիզայի հարցում որևէ դժվարություն չեն ունեցել: Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել մակեդոնացի պաշտպան Ալեքսանդր Դամչևսկին:

Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել էր փոխել հանդիպման անցկացման վայրը: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի փոխարեն խաղը հոկտեմբերի 1-ին կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

«Ցրվենա Զվեզդան» նույնպես մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ 5:0 հաշվով տնային հաղթանակ տանելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպայի» նկատմամբ: Երկրորդ փուլում Սերբիայի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել ալբանական «Տիրանայից», իսկ երրորդ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով