14:11  ,  29 սեպտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյան. Այս վայրագությանն ու մարդկության դեմ հանցագործությանը վերջ դնելն անչափ կարևոր է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային: Սեպտեմբերի 29-ին հրետակոծվում են նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:

«Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերը շարունակվում են, երկու կողմերն էլ ունեն շատ զոհեր։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսված գրոհները խաղաղ բնակչության դեմ դատապարտելի են։

Այս վայրագությանն ու մարդկության դեմ հանցագործությանը վերջ դնելն անչափ կարևոր է և ունի կենսական նշանակություն:

Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը և դուրս հանի իր գրոհային ուժը, այդ թվում՝ այլազգի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի վրա։

Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով