15:12  ,  27 սեպտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք առանց էկզիստենցիալ վտանգի մեր հայրենիքում ապրելու անօտարելի իրավունք #ArtsakhStrong

Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախում։

«Այսօր առավոտյան արթնացա եւ իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն, որտեղ բնակվում են հայեր) դեմ ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին։ Թիրախավորվել են Ստեփանակերտի եւ հարակից տարածքների քաղաքացիական բնակչությունը։

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ կանգնել եւ օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները՝ ուղղված տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության դեմ։

Մենք ունենք առանց էկզիստենցիալ վտանգի մեր հայրենիքում ապրելու անօտարելի իրավունք։ Մեր երեխաներն ունեն իրավունք ապրելու խաղաղ պայմաններում, ոչ թե թաքնվելու ապաստարաններում։

Ես միշտ իմ ազգի հետ եմ #ArtsakhStrong»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում