12:11  ,  26 սեպտեմբերի, 2020

Օրբելի Համբարձումյան. Ղրղզստանի առաջնության մակարդակը զարմացրեց ինձ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17, Մ-19 ու երիտասարդական հավաքականների, Երևանի «Ուլիսի», «Ուրարտուի» և «Արարատի» նախկին կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանն օրեր առաջ հեռացել էր Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբից, որտեղ անցկացրեց 9 ամիս:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմեց, թե ինչպես էր հայտնվել այդ ակումբում և ի՞նչ տվեց նրան Ղրղզստանի առաջնությունում խաղալը:

«Ղրղզստանի առաջնությունում նորամուտը նշել էի նախորդ տարի: Երևանի «Արարատից» հետո առաջարկ ստացա Օշ քաղաքը ներկայացնող «Ալայ» ակումբից, որի հետ դարձա երկրի փոխչեմպիոն: Ձմռանն առաջարկ եղավ «Աբդիշ-Ատա» ակումբից: Ուսումնասիրելով այդ թիմի առջև դրված նպատակները՝ որոշեցի օգնել: Այժմ «Աբդիշ-Ատան» երկրորդ տեղում է առաջնության ավարտից 3 տուր առաջ և պայքարում է չեմպիոնության համար:

Ղրղզստանի առաջնությունում խաղալն, առաջին հերթին, փորձ տվեց ինձ, քանի որ թիմում հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ, և ակումբի ղեկավարությունը, միաձուլելով լեգեոնականների փորձն ու երիտասարդների նպատակասլացությունը, փորձել է ստանալ մարտունակ թիմ, ինչն այս պահի դրությամբ, կարծում եմ, ստացվել է»,- ասաց հայ ֆուտբոլիստը:

Հարցին, թե Ղրղզստանի առաջնությունը խաղամակարդակով շ՞ատ է տարբերվում Հայաստանի Պրեմիեր լիգայից, Օրբելի Համբարձումյանը նշեց հետևյալը.

«Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր կերպով է ընթանում, ինչի մասին կարող ենք փաստել մրցաշարային աղյուսակին նայելով: Ի զարմանս ինձ, առաջնության մակարդակը բավական բարձր է: Կան խաղեր, որոնք ընթանում են շատ բարձր տեմպով՝ չնայած նրան, որ բոլորիս հայտնի պատճառներով ստիպված էինք առաջին շրջանն անցկացնել բավական խիտ գրաֆիկով՝ շաբաթական 3 խաղ»:

Օրբելի Համբարձումյանի խոսքով, նա ստիպված էր հեռանալ ակումբից, թեև ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչը մեծ հույսեր էին կապում նրա հետ:

««Աբդիշ-Ատայից» հեռանալուս պատճառն այն էր, որ եթե մնայի և ավարտին հասցնեի առաջնությունը, ապա ժամանակային առումով մեծ էր հավանականությունը, որ չէի հասցնի հայտավորվել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Հեռանալուցս 2 խաղ առաջ իմ որոշման մասին հայտնեցի ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզիչին և շատ շնորհակալ եմ, որ նրանք ընդառաջեցին ինձ: Այնպես ստացվեց, որ հեռանալուցս անմիջապես առաջ թիմը գլխավորեց թուրք մասնագետ Ցեյլան Արիկանը, որը դավանում է հոլանդական ֆուտբոլ: Նա նույնպես ցանկանում էր աշխատել ինձ հետ, սակայն ըմբռնումով մոտեցավ ստեղծված իրավիճակին»,- ասաց Համբարձումյանը:

Կիսապաշտպանը նաև պատմեց, որ սեպտեմբերի 25-ին վերադարձել է Հայաստան և ունի առաջարկներ հայկական ու արտասահմանյան ակումբներից:

«Կարիերան շարունակելու տարբերակներ ունեմ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկում: Սակայն այս պահին դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- խոսքը եզրափակեց ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի ընթացիկ առաջնությունում Օրբելի Համբարձումյանը «Աբդիշ-Ատա» ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում