16:33  ,  25 սեպտեմբերի, 2020

Ղազախական ակումբի ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի  հիշատակը (ֆոտո)

«Ատիրաուի» ֆուտբոլիստները «Ակադեմիա Օնտուստիկի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի Առաջին դիվիզիոնի չորրորդ տուրի խաղից առաջ հարգել են նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Լևոն Ղասաբօղլյանի լուսանկարով շապիկներով: Հանդիպումը սկսվել է լռության րոպեով:

Այդ խաղում «Ատիրաուն» կամային հաղթանակ է տարել 4:1 հաշվով: «Ատիրաուի» կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Լևոն Ղասաբօղլյանը գլխավորում էր «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում:

Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում:

Այս օրերին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում անցկացվում է Լևոն Ղասաբօղլյանի առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպել են նրա ընտանիքը և ընկերները։

Հայկական ֆուտբոլի անդառնալի կորուստը․ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին (ֆոտո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս