20:29  ,  24 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական հաջողությունը և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը մեկխաղյա դիմակայությունում տանը մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 111-րդ րոպեին խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:

Առաջին խաղակեսում թիմերը շատ զգույշ էին գործում և աչքի չընկան վառ գործողություններով: Ընթանում էր տակտիկական պայքար, կարծես 2 թիմերն էլ սպասում էին մրցակցի սխալին: Առաջին խաղակեսի զգալի մասը խաղն անցնում էր «Արարատ-Արմենիայի» կիսադաշտում, որտեղ հայկական ակումբի պաշտպանները գնդակը փոխանցում էին իրար: Հանդիպման սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում՝ առանց գոլային պահերի: Խաղի տեմպը բարձր չէր: Առաջին իրական գոլային պահը գրանցվեց 17-րդ րոպեին, երբ հյուրերին չհաջողվեց հարմար դիրքից գրավել Ստեֆան Չուպիչի պաշտպանած դարպասը: «Արարատ-Արմենիայի» դարպասապահը ոտքով հետ մղեց գնդակը: «Ցելյեի» ֆուտբոլիստները մրցակցին դիմավորում էին դաշտի կենտրոնում, ինչի շնորհիվ «Արարատ-Արմենիան» սեփական կիսադաշտում բավական շատ էր վերահսկում գնդակը, բայց սուր գրոհներ սկսել չէր հաջողվում: Հյուրերը բավական կոշտ էին գործում և 24-րդ րոպեին արդեն ստացել էին 3 դեղին քարտ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Հաշիվ, որն ամենաշատն էր համապատասխանում առաջին կեսին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերին վերջապես հաջողվեց ստեղծել վտանգավոր պահ: Արագ հակագրոհի արդյունքում «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը 49-րդ րոպեին հայտնվեց հարվածային դիրքում, բայց հարվածը շեղ ստացվեց: Ընդմիջումից հետո թիմերը համեմատաբար ավելի ակտիվ էին, թեև դա չէր անդրադառնում գոլային պահերի վիճակագրության վրա: 63-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» նորեկ Ջեյսոն Մարտինեսը փորձեց գլխի հարվածով եզրափակել եզրից կատարած փոխանցումը, բայց հարվածը բարձր ստացվեց: Ժամանակն անցնում էր, և թիմերի զգուշությունն ավելի էր ավելանում, իսկ լուսատախտակի զրոներն արտացոլում էին խաղադաշտում կատարվող գործողությունները: Գրանցվեց 0:0 հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Ավելացված ժամանակի սկզբնամասում «Արարատ-Արմենիայից» մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որի հարվածը շեղ ստացվեց: Մեկ րոպե անց նիգերիացի հարձակվողը կորցրեց իրական գոլային պահ: 99-րդ րոպեին վտանգավոր գրոհ անցկացրին հյուրերը, որոնց ևս չհաջողվեց գրավել դարպասը: Քիչ անց Սերգեյ Վակուլենկոն ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում կարող էր առաջ մղել «Արարատ-Արմենիային», սակայն ուկրաինացի պաշտպանը վրիպեց հարմար դիրքից: Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերը կորցրին ևս մեկ իրական գոլային պահ: Յուսուֆ Օտուբանջոն հարվածային դիրքից որոշեց փոխանցում կատարել, իսկ փոխանցման հասցեատեր Մաիլսոն Լիմային մրցակիցը թույլ չտվեց գրավել դարպասը:

Ավելացված ժամանակի երկրորդ կեսում ևս «Արարատ-Արմենիան» ավելի լավ տեսք ուներ և խաղային առավելությունը կարողացավ գոլի վերածել 111-րդ րոպեին: Աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն: Մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը կարողացան դիմակայել մրցակցի ճնշմանը և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Մեկխաղյա դիմակայության հաղթողը կնվաճի խմբային փուլի ուղեգիր:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:

«Ցելյեն» նույնպես մեկնարկել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 3:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ: Հաջորդ փուլում սլովենական ակումբը տանը 1:2 հաշվով պարտվել էր նորվեգական «Մոլդեին», որը 2 գոլերն էլ խփել էր երկրորդ խաղակեսում և տարել կամային հաղթանակ:

Հիշեցնենք, որ սա հայ-սլովենական երրորդ դիմակայությունն էր ակումբային մակարդակում: Նախորդ 2 դեպքերում սլովենական ակումբները հաղթահարել էին Հայաստանի ներկայացուցիչների արգելքը: Առաջին դիմակայությունը տեղի էր ունեցել 2002թ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլում, որտեղ «Զվարթնոցը» 2 խաղերի արդյունքւոմ պարտվել էր «Պրիմորյեին» (1:6, 2:0): 2017/2018թթ. մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցել էր «Գորիցայի» հետ և 2 խաղերում պարտվել 2:4 հաշվով (0:2, 2:2):

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ցելյե» (Սլովենիա)՝ 1:0 (0։0)

Սերգեյ Վակուլենկո, 111

«Արարատ-Արմենիա»․Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անջելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Դավիդ Հումանես (Յուսուֆ Օտուբանջո, 83), Զակարիա Սանոգո, Սարգիս Շահինյան, Յոան Գուֆրան (Արմեն Համբարձումյան, 106), Ֆուրջել Նարսինգ, Մաիլսոն Լիմա, Ջեյսոն Մարտինես (Լուիս Օգանա, 120):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով