15:48  ,  22 սեպտեմբերի, 2020

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալից» հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է Եկատերինբուրգի «Ուրալից»: 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ:

«Այսօր «Ուրալի» հետ որոշում կայացրեցինք խզել իմ պայմանագիրը: Ցանկանում եմ ակումբին սրտանց շնորհակալություն հայտնել Եկատերինբուրգում անցկացրած տարիների համար: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ հնարավորություն տալու համար:

Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը: Եկատերինբուրգը միշտ կմնա իմ սրտում: Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: Իմ սրտում միշտ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն «Ուրալի» երկրպագուները, որոնք առանձնակի ջերմությամբ են երկրպագում իրենց հարազատ ակումբին»,- Հարոյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը 2017 թվականից էր խաղում «Ուրալում», որի կազմում անցկացրել է 62 հանդիպում, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբներ ու Լեհաստանի առաջնության թիմերից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում