17:10  ,  22 սեպտեմբերի, 2020

Հաստատվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցումների ժամկետները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) բյուրոն հաստատել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային նոր մրցումների օրացույցը, փոխանցում է UWW-ի մամուլի ծառայությունը:

Օլիմպիական վարկանիշներ կվիճարկվեն նաև Լեհաստանում 2021-ի ամռանը կայանալիք Վացլավ Ցիոլկովսկու հուշամրցաշարում (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտալսկու հիշատակին նվիրված մրցաշարում (հունահռոմեական ոճ) և Poland Open կանանց մրցաշարում: Ըմբիշները վարկանիշային միավորներ կհավաքեն նաև 2021թ. Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա 2021 թվականի մարտին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, իսկ երկրորդը՝ ապրիլին բուլղարական Սոֆիայում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեռ 2 օլիմպիական ուղեգիր ունի ըմբշամարտում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) օլիմպիական ուղեգիր էին նվաճել նախորդ տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում