18:03  ,  18 սեպտեմբերի, 2020

«Ռոտորում» կորոնավիրուսի բռնկումը չի անդրադարձել Արմեն Մանուչարյանի վրա. Ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը վերջերս Երևանի «Փյունիկից» տեղափոխվեց Վոլգոգրադի «Ռոտոր», որի կազմում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրերում մասնակցել է 4 խաղի (2-ը մեկնարկային կազմում): Վերջերս «Ռոտորում» սկսվել էր կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմը չներկայացավ «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղին և գրանցվեց տեխնիկական պարտություն: Հետաձգվել է նաև «Ռոստովի» դեմ հաջորդ տուրի խաղը (սեպտեմբերի 19-ին) և Ստավրոպոլի «Դինամոյի» հետ գավաթային հանդիպումը (սեպտեմբերի 23-ին):

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

«Թիմի մոտ 70 տոկոսը վարակվել է և մոտ մեկ շաբաթից ավելի ամեն օր թեստ ենք հանձնում: Իմ թեստերի պատասխանները բացասական են: Գլխավոր թիմի միայն 7-8 ֆուտբոլիստների մոտ չի հայտնաբերվել կորոնովիրուս»,- նշեց Արմեն Մանուչարյանը:

Մանուչարյանը պատմեց, որ շարունակում է մարզումները և գտնվում է շատ լավ մարզավիճակում:

«Ամեն օր մարզվում ենք, մեզ միացել են նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստները, որպեսզի մարզումային գործընթացը չտուժի: 2 օրից բոլոր վարակվածները ևս մեկ թեստ կհանձնեն, և եթե պատասխանները բացասական լինեն, բոլորս կմեկնենք առանձին մարզաբազա, կմարզվենք այնտեղ ու կպատրաստվենք «Ռուբինի» դեմ հանդիպմանը: Ես շատ լավ մարզավիճակում եմ, վերջին 2 խաղերում հանդես եկա մեկնարկային կազմում և լիովին հարմարվել եմ թիմին: Ամեն դեպքում, կորոնավիրուսի բռնկումը շատ ազդեց թիմի վրա՝ թույլ չտալով մասնակցել «Կրասնոդարի» դեմ խաղին»,- ասաց ֆուտբոլիստը:

Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստացել Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) և Էստոնիայի (2:0) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին մասնակցելու համար: Ֆուտբոլիստի խոսքով՝ նա չի զրուցել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, բայց շարունակում է ջանասիրաբար մարզվել ու միշտ սպասում է ազգային թիմում խաղալու իր շանսին:

Ռուսաստանի առաջնությունից առաջին տպավորությունների մասին Մանուչարյանը նշեց, որ բարձր խաղամակարդակը նկատելի էր առաջին իսկ խաղերից:

«Ես սպասում էի, որ Ռուսաստանի առաջնության խաղամակարդակն այսպիսին է լինելու: Չհաշված մի քանի առաջատար ակումբների, մյուս թիմերի խաղամակարդակը շատ մոտ է: Այստեղ շատ ուժային ֆուտբոլ է ընթանում, և այդ առումով բարդ է, բայց ես արդեն հարմարվել եմ: Մեր թիմը խաղում է այնպիսի ֆուտբոլ, որը համապատասխանում է ինձ: Ամեն բան հարթ է ընթանում ինձ համար: Ամեն դեպքում, ուժեղ թիմերի դեմ դեռ նոր պետք է խաղայինք, բայց չստացվեց»,- խոսքը եզրափակեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականին և ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս