14:06  ,  18 սեպտեմբերի, 2020

Երևանում կանցկացվի Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշար

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի առաջին հուշամրցաշարը, որի բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի ժամը 9:00-ին:

Մրցաշարին կմասնակցեն 8 սիրողական թիմեր՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը:

Խաղերը կանցկացվեն օլիմպիական սկզբունքով, և քառորդ եզրափակիչի զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն կիսաեզրափակիչում։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա երրորդ տեղի համար հանդիպումը, իսկ ժամը 11:30-ին՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։

Հիշեցնենք, որ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Այս տարվա փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում

Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:

Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում:

Հայկական ֆուտբոլի անդառնալի կորուստը․ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին (ֆոտո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով