21:16  ,  17 սեպտեմբերի, 2020

Դավիդ Կամպանյա. Խաղի ընթացքում մի քանի անգամ կաթված ստացա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» նկատմամբ տնային հաղթանակը 4:3 հաշվով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Խաղի ընթացքում մի քանի անգամ կաթված ստացա: Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք և բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք: Առաջին գոլից հետո «Արարատ-Արմենիան» չափից շատ ուրախացավ և անակնկալի եկավ, մրցակիցը հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, սակայն 1 ֆուտբոլիստի բացակայությունը զգալ տալիս էր խաղադաշտում: 1:3 հաշվով պարտվելուց հետո թիմն անհավանական կամք դրսևորեց և կարողացավ ավելացված ժամանակում 2 11 մետրանոց վաստակել ու հավասարեցնել հաշիվը: 

«Արարատ-Արմենիան» ֆիզիկապես շատ լավ հանդիպում անցկացրեց, թիմը վերահսկում էր գնդակը, կատարում էր ճշգրիտ փոխանցումներ, սակայն մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել մեր ստեղծած բազմաթիվ հնարավորությունները:

Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Այս թիմը կարող է ցույց տալ, որ մենք հպարտ երկիր ենք»,- ասել է Կամպանյան:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց «Ֆոլային», որն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց թվային առավելությամբ: Մինչև 90-րդ րոպեն «Ֆոլան» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացավ փրկել խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաև հաղթական գոլը:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարարտ-Արմենիան» կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երևանում: 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում էր Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում