20:30  ,  17 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիայի» անհավանական «քամբեքը» (ֆոտո)

Եվրագավաթներում պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ խաղով դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», որն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց թվային առավելությամբ: Մինչև 90-րդ րոպեն «Ֆոլան» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացավ փրկել խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաև հաղթական գոլը:

Խաղի սկզբնամասում «Արարատ-Արմենիան» ուներ նկատելի տարածքային առավելություն: Դաշտի տերերն ավելի շատ էին գրոհում և 17-րդ րոպեին իրացրած 6-րդ անկյունային հարվածի խաղարկումն ավարտեցին գոլով: Աչքի ընկավ թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը: Սակայն «Արարատ-Արմենիայի» առավելությունը երկար չտևեց: 2 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց պորտուգալացի կիսապաշտպան Դիոգո Պիմենտելը: 21-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ, բայց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն բարձր հարվածեց հարմար դիրքից: Րոպեներ անց Օտուբանջոն կորցրեց ևս մեկ իրական գոլային պահ՝ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ և կատարելով անհասկանալի փոխանցում: Նիգերիացի հարձակվողը ևս մեկ կոպիտ վրիպում թույլ տվեց 26-րդ րոպեին, երբ դարպասի առջևից կատարեց ևս մեկ շեղ հարված: Խաղակեսի վերջնամասում ևս «Արարատ-Արմենիան» ուներ տարածքային առավելություն, բայց հյուրերն էլ երբեմն-երբեմն անցկացնում էին վտանգավոր հակագրոհներ: 43-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը մնաց 10 խաղացողներով: Եզրային նետման ժամանակ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Ժունիորը գնդակը միտումնավոր ուշ հանձնեց մրցակցին, ինչի համար զգուշացվեց երկրորդ անգամ և ստացավ կարմիր քարտ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ակտիվություն էին դրսևորում ու ստեղծեցին վտանգավոր պահեր: Ընդմիջումից հետո «Ֆոլան» ավելի շատ էր վերահսկում գնդակը, իսկ «Արարատ-Արմենիան» սկսել էր խաղալ երկրորդ համարով: 55-րդ րոպեին «Ֆոլան» 11 մետրանոցի իրավունք ստացավ հակագրոհի արդյունքում: Գնդակին մոտեցավ 32-ամյա հարձակվող Ստեֆանո Բենսին, որը դիպուկ հարվածով առաջ մղեց հյուրերին: Մեկ րոպե անց դաշտի տերերը ունեցան հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն, որը դարձյալ չօգտագործեց Յուսուֆ Օտուբանջոն: Քիչ անց իրական գոլային պահ կորցրեց նաև «Ֆոլան»: 62-րդ րոպեին գոլային պահ կորցնելու հերթը «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ջեյսոն Մարտինեսինն էր: Մրցակիցը հաճախ էր բացեր ունենում պաշտպանությունում, սակայն դաշտի տերերը չէին կարողանում օգտվել դրանից: 73-րդ րոպեին «Ֆոլան» չիրացրեց ևս մեկ իրական գոլային պահ: Ժամանակն անցնում էր, իսկ «Արարատ-Արմենիան» չէր կարողանում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ: 80-րդ րոպեին «Ֆոլան» օգտագործեց իր պահերից մեկը և հաշիվը դարձրեց 3:1: Աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Զակը: «Արարատ-Արմենիայի»՝ խաղը փրկելու փորձերն արդյունք տվեցին 90-րդ րոպեին, երբ դաշտի տերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, իսկ հյուրերը մնացին 10 խաղացողներով: Հարվածը դիպուկ իրացրեց փոխարինման դուրս եկած Մաիլսոն Լիման, որը կրճատեց հաշիվը: Քիչ անց «Ֆոլայի» դարպասին նշանակվեց ևս մեկ 11 մետրանոց հարված: Մաիլսոն Լիման դիպուկ էր նաև այս անգամ: 3:3 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում «Արարատ-Արմենիան» նվազագույնը 3 անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, բայց չօգտագործեց գոլային պահերը: Երկրորդ կեսում ևս հայկական ակումբն ուներ հսկայական առավելություն, որը գոլի վերածել հաջողվեց 112-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած Սարգիս Շահինյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն: Խաղի մնացած ժամանակահատավածում «Ֆոլան» չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել դաշտի տերերի համար՝ 4:3:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարարտ-Արմենիան» կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երևանում: 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր մոլդովական «Շերիֆին»:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ)՝ 4:3

Ջեյսոն Մարտինես, 17, Մաիլսոն Լիմա, 90+1 (11մ), 90+4 (11մ), Սերգեյ Վակուլենկո, 113 – Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56, Զակ, 82

Հեռացումներ՝ Ալեքս Ժունիոր, 43 («Արարատ-Արմենիա») - Դիոգո Պիմենտել, 90+1 («Ֆոլա»)

«Արարատ-Արմենիա». Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անժելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Ալեքս Ժունիոր, Ալֆոնս Կոջո (Սարգիս Շահինյան, 70), Յոան Գուֆրան (Օգանա Լուիս, 84), Զակարիա Սանոգո, Ֆուրջել Նարսինգ, Ջեյսոն Մարտինես (Արմեն Համբարձումյան, 96), Յուսուֆ Օտուբանջո (Մաիլսոն Լիմա, 60):

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս