09:40  ,  17 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա». Արթնանալու ժամանակն է

Եվրագավաթներում պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 17-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում տնային հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ: Չնայած մրցաշրջանի անհաջող մեկնարկին՝ հաջող վիճակահանությունը Հայաստանի գործող չեմպիոնի համար ստեղծել է հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր:

Չեմպիոնների լիգայից՝ Եվրոպայի լիգա

2 թիմերն էլ Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք են ստացել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո: «Արարատ-Արմենիան» Երևանում լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային», իսկ «Ֆոլային» պայքարից դուրս էր թողել Մոլդովայի ամենատիտղոսակիր ակումբ Տիրասպոլի «Շերիֆը»: Եթե հայկական ակումբը չտպավորող խաղով պարտվեց տնային խաղում, ապա «Ֆոլան» վատ տպավորություն չթողեց «Շերիֆի» դեմ արտագնա խաղում, թեև պարտվեց 0:2 հաշվով:

Նախորդ խաղերը

«Արարատ-Արմենիան», մեղմ ասած, չի տպավորում մարզչական փոփոխությունից հետո: Երևանյան ակումբն այս մրցաշրջանից առաջ գլխավորեց Դավիդ Կամպանյան, որի հետ թիմը դեռ հաղթանակ չի տարել: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 5 հանդիպում, կրել 3 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի: Կամպանյան դեռ շարունակում է փորձարկումները, և յուրաքանչյուր խաղից առաջ բարդ է կանխատեսել, թե որ ֆուտբոլիստները հանդես կգան մեկնարկային կազմում:

«Ֆոլան» նոր մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում: «Շերիֆի» դեմ խաղից բացի, մյուս 3 հանդիպումները Լյուքսեմբուրգի առաջնությունում էին, որտեղ թիմը տարել է 2 հաղթանակ ու մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: Ընդ որում՝ վերջին 2 խաղում «Ֆոլան» խփել է 7 գոլ՝ հաղթելով 3:1 ու 4:1 հաշիվներով:

Սկզբունքային դիմակայություն «Արարատ-Արմենիայի» համար

Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» մոտ էր պատմական հաջողության հասնելուն, սակայն Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում պարտվեց հենց Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի: Հայկական ակումբի ճանապարհին կանգնեց Լյուքսեմբուրգի վերջին 4 տարիների անփոփոխ չեմպիոն «Դյուդելանժը», որը երկխաղյա դիմակայությունում հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: «Արարատ-Արմենիան» հայկական ակումբների համար պատմական նվաճման հասավ եվրագավաթներում՝ հասնելով որակավորման երրորդ փուլ: Այս մրցաշրջանում ևս Հայաստանի չեմպիոնից սպասելիքները մեծ էին, բայց մեկնարկային 5 խաղերից հետո դեռ չի երևում, թե ինչի հաշվին թիմը կարող է գոնե կրկնել նախորդ տարվա հաջողությունը:

Դարձյալ հաջող վիճակահանություն

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունն ամենաբարդը չէր «Արարատ-Արմենիայի» համար, և նույնը կարելի է ասել նաև այս դեպքում, քանի որ թիմը դարձյալ խաղալու է տանը: Որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունից առաջ հայկական ակումբի մյուս հավանական մրցակիցներն էին «Կոնաս-Կի Նոմադսը» (Ուելս), «Աստանան» (Ղազախստան), «Սիլեկսը» (Մակեդոնիա), Թբիլիսիի «Դինամոն» (Վրաստան), Պոդգորիցայի «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա) և «Դրիտան» (Կոսովո): Ընդ որում՝ «Ֆոլայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում ևս կանցկացնի տնային հանդիպում՝ մրցելով Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:

114 տարվա պատմություն ունեցող մրցակիցը

«Ֆոլան» Լյուքսեմբուրգի ամենահին ակումբներից է և հիմնադրվել է 114 տարի առաջ՝ 1906 թվականին: Թիմը ներկայացնում է Էշ քաղաքը: Ինչպես «Արարատ-Արմենիայում», այնպես էլ «Ֆոլայում» այս մրցաշրջանից առաջ տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Հուլիսի 1-ից թիմը գլխավորում է բելգիացի մասնագետ Սեբաստիան Գրանժանը:

«Ֆոլան» Լյուքսեմբուրգի 7-ակի չեմպիոն է, ևս 3 անգամ դարձել է երկրի գավաթակիր: Թիմը եվրագավաթներում նորամուտը նշել է 1973–1974թթ. մրցաշրջանում: 2012-2013թթ. մրցաշրջանում «Ֆոլան» 83 տարվա ընդմիջումից հետո նորից դարձավ Լյուքսեմբուրգի չեմպիոնն, իսկ հաջորդ տարի նաև պաշտպանեց տիտղոսը՝ այս պահի դրությամբ նվաճելով վերջին տիտղոսը:

14 թիմով անցկացվող Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվեց 17-րդ տուրից հետո և մնաց անավարտ: Այդ պահին «Ֆոլան» 2 միավոր առաջ էր երկրորդ տեղում ընթացող «Նիդերկորնից» և իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

Եվրագավաթներում «Ֆոլայի» ամենահաջող մրցաշրջանը 2017-2018-ն էր, երբ թիմը հասավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ ու պարտվեց շվեդական «Էստերսունդին»: Դրանից առաջ «Ֆոլան» պայքարից դուրս էր թողել մոլդովական «Միսլամիին» ու Բաքվի «Ինտերին»: Սա թիմի 10-րդ մասնակցությունն է եվրագավաթներին:

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում երևանյան ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: «Ֆոլայի» հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ)՝ ժամը 18:00 (Ավանի ֆուտբոլի ակադեմիա)

Գլխավոր մրցավար՝ Էնեա Ժերժի (Ալբանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով