10:04  +04,  17 սեպտեմբերի, 2020

Հակոբ Սերոբյան․ Ես հավատում եմ, որ մենք կունենանք լիովին նոր մարզադպրոց

Այս անգամ մարզադպրոց կառուցելու մասին քաղաքապետարանի ծրագրերը իրատեսական են: Ես հավատում եմ, որ մենք կունենանք լիովին նոր մարզադպրոց:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց եւ տեղում ծանոթացել մարզադպրոցի շենքի անմխիթար պայմաններին: Քաղաքապետին մարզադպրոցի շենքի խնդիրներին ծանոթացրել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել է Երեւանում լիովին նոր մարզադպրոց կառուցել մարմնամարզիկների համար: Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականն ու մարզադպրոցի սաները կշարունակեն մարզվել Ազարյանի մարզադպրոցում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ տրամադրվելու մասին: Սակայն դրանից հետո էլ մարզադպրոցի հիմնանորոգմանը հարցը մնաց օդից կախված քանի որ ըստ մասնագետների դպրոցի շենքը սեյսմակայուն չէր:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ նոր մարզադպրոց կառուցելու քաղաքապետի խոստումը ավելի քան իրական է. այցելության հենց հաջորդ օրը Հայկ Մարությանը մասնագետների ուղեկցությամբ ուսումնասիրել է հավանական հողատարածքը Երեւանում:

«Իրատեսական է քաղաքապետարանի նոր մարզադպրոց կառուցելու նախաձեռնությունը: Քաղաքապետն անձամբ եկավ մեր մարզադպրոց, քննարկվեց նոր շենք կառուցելու հարցը: Քաղաքապետն ինքն էլ նշեց, որ նախկինում ցանկացել են հիմնանորոգել մեր դահլիճը, բայց հետագայում սեյսմակայունության հետ կապված խնդիր է առաջացել: Այժմ որպես խնդրի լուծում մեզ առաջարկվում է լրիվ նոր շենք՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Շատ լավ կլինի, եթե մենք մեր նոր դահլիճն ունենանք: Թեկուզ այն չլինի քաղաքում, բայց մերն ունենանք: Գնում ենք, Թբիլիսիում ենք մարզվում, հավաք անում, մեր դահլիճում կանենք:

Այս պահին դիտարկվում է մարզահամերգային համալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածք: Եղել է ռեալ խոսակցություն եւ ծրագիր, ըստ որի ամեն ինչ կլինի մեր ցանկությամբ, պատկերացումով, կհայտարարվի նախագծի համար մրցույթ, որից հետո կսկսվի շինարարությունը: Թե քանի տարի կտեւի շինարարությունը, չենք կարող ասել, բայց այդ ամբողջ ընթացքում մենք կշարունակենք մեր բնականոն աշխատանքը, հավաքականը, մեր մյուս սաները կշարունակեն մարզվել Ազարյանի անվան մարզադահլիճում:

Նոր շենքի կառուցումից հետո, ենթադրում եմ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի ներկայիս շենքը կքանդվի, նոր շենքը կկոչվի նորից նրա անունով»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարմնամարզության դպրոցը 1969 թվականից հետո երբեւէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մարզադպրոցն ունի մոտ 200 սան: Այստեղ է մարզվում նաեւ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս