23:10  ,  12 սեպտեմբերի, 2020

Chess9LX․ Լեւոն Արոնյանի հաղթանակը

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց 17-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջային եւ 2,5 միավորով բաժանում է երրորդ տեղը ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Ուեսլի Սոյի հետ։

Արոնյանն առաջին երեք տուրերում ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ։

Առաջատարներն են 3-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

Աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը չորրորդ տուրում պարտվեց Կարուանային։

5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։

Մրցաշարում կանցկացվի 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում