00:35  ,  12 սեպտեմբերի, 2020

Արոնյանը միավորը կիսեց Նակամուրայի հետ, Կասպարովն ու Կարլսենը նույնպես խաղացին ոչ ոքի

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Պայքարը շարունակվեց մինչեւ 62-րդ քայլը։ Արոնյանը վաստակել է 1 միավոր եւ 6-րդ տեղում է։ Առաջին տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը երկրորդ տուրում պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Երկրորդ տուրում ոչ ոքի ավարտվեց նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն, 57-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովի եւ աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի պայքարը։

Կարուանան, Կարլսենը , Կասպարովը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը 1,5-ական միավորով առաջատարներն են։

Դոմինգեսը երկրորդ տուրում ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Ոչ ոքի ավարտվեց նաեւ իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի դիմակայությունը։

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում