17:46  ,  11 սեպտեմբերի, 2020

Վրաստանի, Լիբանանի եւ Իրանի դիմորդներ մասնակցեցին Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննության

Երեւանի «Սպարտակ» «Հայաստան» մարզական միության Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում տեղի ունեցավ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդների՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ընդունելության քննությունը:

Դիմորդներից չորսը Վրաստանից է, երկուսը՝ Լիբանանից եւ մեկը՝ Իրանից: Նրանք մարզիկներ են՝ լողորդ, բասկետբոլիստ, ֆուտբոլիստ, ըմբիշ:

ՀՖԿՍՊԻ միջազգային բաժնի ներկայացուցիչ Արմինե Սարգսյանի խոսքով, սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները մշտապես ինստիտուտի ուշադրության կենտրոնում են:

«Նախքան մասնագիտական քննություններ հանձնելը, դիմորդները նախ՝ ֆիզիկական են հանձնում մի քանի նորմատիվներով՝ վազք, եռացատկ, ձգում, հրում: Այս տարի ունենք 7 սփյուռքահայ դիմորդ 3 երկրից: Ունեինք նաեւ այլ երկրներից դիմում հայտեր, բայց քննությանը չեն ներկայացել:

Մեր ինստիտուտը շատ է կարեւորում նաեւ սփյուռքահայ ուսանողների ընդունելությունը: Իհարկե, նախորդ տարիների համեմատ, նվազել են հայտերը: Այսօրվա դիմորդները տարբեր բաժիններ են դիմել՝ լող, բասկետբոլ, ըմբշամարտ եւ կինեզիոլոգիա: Մեծ է հոսքը ըմբշամարտի բաժին: Օրինակ՝ 7-ից երկուսը ազատ ոճի ըմբշամարտի բաժին են դիմել: Ուրախ ենք, որ դրսում մարզվող, սպորտով զբաղվող երիասարդները ձգտում են մասնագիական կրթությունը ստանալ իրենց հայրենիքում»,- ասաց Արմինե Սարգսյանը:

NEWS.am Sport-ը հետեւեց ընդունելության քննությանը: Դիմորդները նախ՝ անցան բուժզննում, ապա ժամանեցին մարզադահլիճ: Հանձնեցին վազք 60 մ, եռացատկ եւ ձգումներ տեղից: Նորմատիվների հանձնումն անցան ոչ լարված եւ ջերմն մթնոլորտում: Վազքից եւ ձգումներից բացասական միավորներ ստացողներ չեղան: Եռացատկում դիմորդներին միայն մեկին չհաջողվեց բավարար արդյունք գրանցել: Ըստ բուհի ներկայացուցիչների, հնարավորության դեպքում բոլոր վարժությունների արդյունքներով կորոշվի՝ նրա հավաքած միավորներն անցողիկ են, թե ոչ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում