17:08  ,  11 սեպտեմբերի, 2020

Ռոբերտ Էմմիյան․ Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց չսպասել խոստումներին, ժամանակ չկորցնել

Վանաձորի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել կրոսավազքի Հայաստանի առաջնությունը եւ «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը: Մրցումներն անցկացվել են Վանաձորի մարզադաշտում, քանի որ Արտաշատի քաղաքային մարզադաշտի հատակն ամբողջությամբ ավիրված է, իսկ Երեւանում համապատասխան աթելտիկական մարզադաշտ չկա:

Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի՝ Երեւանում ռետինե ծածկույթով միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկական վազքուղի կառուցելու երազանքն այդպես էլ մնաց անկատար։ 10 տարվա պայքարը մնաց խոստումների շրջանակում:

Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից խոստացված վազքուղին շուտով կկառուցվի ոչ թե Երեւանում, այլ հենց Արտաշատի քաղաքային մարզադաշտում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Ռոբերտ Էմմիյանի հետ։

Պարոն Էմմիյան, նախքան Արտաշատում վազքուղի կառուցելու ծրագրերի մասին խոսելը, նախ ամփոփենք կրոսավազքի Հայաստանի առաջնությունն ու «Ցատկորդի օր» մրցումը: Ի՞նչ արդյունքներ գրանցեցին հայ աթլետները համավարակի պայմաններում մարզվելուց հետո:

Բավական լավ արդյունքներ ունենք: Կրոսավազքում հաղթողներ ճանաչվեցին գյումրեցի Վանյա Սարգսյանը (3000 մետր) եւ արցախցի Անգելինա Ավագյանը (2000 մետր): Եռացատկում իրեն հավասարը չունեցավ Լեւոն Աղասյանը (16 մետր 67 սմ), հեռացատկում առաջին տեղի արդյունք ցույց տվեց Գոռ Բեգլարյանը (7մետր 40 սմ):

Համավարակի պայմաններում այս արդյունքները գոհացնող են: Չնայած մարզումների համար պայմաններ գրեթե չունենք, բայց դա մեր աթլետներին չի ընկճում, եւ մենք մեծ ոգով պատրաստվում ենք Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Շնորհակալ եմ Վանաձորի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, այնտեղ մրցումները կազմակերպելու եւ անցկացնելու համաձայնություն տալու համար:

Ի՞նչ մրցաշարեր կան առաջիկայում:

Արդեն այս շաբաթ նախատեսված է Բալկանյան երկրների առաջնությունը տարբեր տարիքային խմբերում: Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում տեղի կունենա մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Հավաքական թիմը սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայում կմասնակցեն Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը:

Մեծահասակների առաջնությունում Հայաստանի թիմին ԱՄՆ-ից կմիանա վազորդ Ալեքս Դոնիկյանը: Նա սերտ կապերի մեջ է հավաքականի մարզիչների հետ եւ հայտնել է, որ շատ լավ մարզավիճակում է, պատրաստ է թիմի հետ մասնակցել միջազգային մրցաշարերին: Մինչեւ Ռումինիա մեկնելը Դոնիկյանը Զագրեբում սեպտեմբերի 15-ին կմասնակցի խոշոր միջազգային մրցաշարի, այնտեղից էլ կմիանա հավաքականին:

Ալեքս Դոնիկյանն արդեն մեկ տարի է Հայաստանի հավաքականի անդամ է, ունի հայկական անձնագիր: Առաջին փորձը հավաքականի հետ միջազգային մրցաշարերին մասնակցելու եղել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհասցնի լրացնել օլիմպիական վարկանիշը եւ իրավունք կստանա մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Մեծ հույսեր եմ կապում Լեւոն Աղասյանի, Երվանդ Մկրտչյանի եւ մյուսների հետ:

Մենք ունենք նաեւ հավաքականի նոր անդամ ԱՄՆ-ից՝ Ալիսոն Խալվերսոնը: 27-ամյա մարզուհին հանդես է գալիս յոթնամարտում: Արմատներով հայուհի է, արդեն ստացել է հայկական անձնագիր: Այժմ սպասում ենք միջազգային ֆեդերացիայի թույլտվությանը, որ Ալիսոնը կարողանա հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Նա եղել է ԱՄՆ-ի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում եւ այժմ որոշել է ներկայացնել Հայաստանը: Քանի որ դեռեւս չի լրացել սպորտային քաղաքացիությունը փոխելու համար անհրաժեշտ 3 տարին, չենք կարող նրան ընդգրկել թիմի կազմ միջազգային մրցաշարերում: Հուսանք նրան ավելի շուտ թույլ կտան ներկայացնել Հայաստանը, եւ նա հնարավորություն կստանա պայքարել օլիմպիական վարկանիշի համար: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, մենք շատ ուժեղ կազմով կմոտենանք Օլիմպիական խաղերին:

Ստացվում է՝ ունենք լավ թիմ, ուժեղ աթլետներ, բայց չունենք պայմաններ մարզվելու, մրցումներ անցկացնելու համար: Ի՞նչ «եղավ» ձեր մեծ երազանքի հետ՝ Երեւանում ռետինե ծածկույթով վազքուղի ունենալու:

Պայմաններն ամենամեծ խնդիրն է: Գրեթե պայմաններ չունենք, բայց, այո, ունենք աթլետիկայով զբաղվել ցանկացող 100-ավոր երեխաներ, մարզաձեւի սիրահարներ ու ուժեղ հավաքական: Վանաձորում մրցումներն անցկացրինք, քանի որ այս պահին միայն այնտեղի մարզադաշտն է որոշ չափով հարմար, անվտանգ մեր աթլետների կյանքի համար: Արտաշատում չէինք կարող անել, քանի որ վազքուղու հատակն ու մարզադաշտն ամբողջությամբ քանդած է, ասֆալտը դուրս եկած: Անհնար է այնտեղ մրցում անցկացնել: Վանաձորի քաղաքային մարզադաշտում նոր վաղքուղի, մանեժ կառուցելու համաձայնություն ունենք մարզպետի հետ: Այստեղ նաեւ կլինի առանձին հատված հենց մարզադաշտում՝ մարզիկների ֆիզիկական պատրաստվածության համար: Ուրախ եմ, որ աթլետիկական լավ մարզադաշտ կունենանք այստեղ:   

Շուտով մեծ աշխատանքներ են սկսվելու Արտաշատի մարզադաշտում: Այն, ինչի մասին ես արդեն 10 տարի երազում էի ունենալ Երեւանում, կլինի Արտաշատում: Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքապետարանին, որ համաձայնեցին քաղաքային մարզադաշտում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի:

Այսինքն՝ Երեւանում վազքուղի կառուցելու Ձեր ծրագրերից հրաժարվե՞լ եք: Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ համաձայնությունը չստացվե՞ց «Հանրապետական» ստադիոնում վազքուղին կառուցելու հարցում:

Երկար տարիներ միայն խոստումներ լսեցի: Միջազգային ֆեդերացիային չէինք կարող այլեւս այդքան երկար խոստանալ եւ սպասեցնել: Իմ ցանկությունն ու երազանքը Երեւանի հետ կապված մնում է նույնը. հույս ունեմ՝ մի օր կիրականանա, բայց արդեն սպասելու եւ խոստումներ լսելու ժամանակ չունենք: Ես ուզում եմ, որ մեր մարզիկները եւ ոչ միայն աթլետները, մարզվեն լավ պայմաններում, միջազգային չափանիշներ ունեցող մարզադաշտում, որակյալ ու կյանքին վտանգ չսպառնացող վազքուղու վրա: Հուսամ՝ Երեւանի մարզադաշտերի պատասխանատուները, որոնք ցանկանում են իրենց ստադիոններում լինի նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկական պայմաններ, մի քիչ թասիբ կունենան այդ մասին բարձրաձայնել եւ պահանջել: «Հրազդան» ստադիոնը թղթաբանական խնդիրներ ունի, «Հանրապետականը»՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներին պետք է համապատասխանի, ինչ-որ խնդիրներ կան այնտեղ: Եթե սիրում ենք սպորտը, անպայման պետք է մայրաքաղաքում ունենանք աթլետիկայի պայմանները: Իսկ մինչ այդ բոլոր հնարավորությունները կդնենք Արտաշատի քաղաքային մարզադաշտի վրա: Ամոթ է, որ միջազգային, եվրոպական ֆեդերացիաները աջակցում են, անվճար մեզ համար կառուցում են վաղքուղին, իսկ մենք չունենք տեղ, պայմաններ: Մենք կկառուցենք մարզերում՝ վազքուղիներ կունենանք Սյունիքի մարզում, այնտեղ կունենանք ձմեռային մարզադաշտ, Շիրակի մարզում ծրագրեր ունենք: Վանաձորում շինարարությունը շուտով կսկսվի:

Արտաշատի քաղաքապետը միանգամից արձագանքեց մեր ցանկությանը մարզադաշտում վազքուղի կառուցելու համար: Առաջիկայում կհայտարարվի մրցույթ՝ մարզադաշտի հատակի բետոնային աշխատանքներն անելու համար: Միակ ֆինանսը, որը ներդրվում է վազքուղին կառուցելու համար Հայաստանի կողմից, բետոնային աշխատանքներինն է: Այդ գումարը հատկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախարար Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց չսպասել խոստումներին, ժամանակ չկորցնել եւ Արտաշատում կառուցել երազած վազքուղին:

Հիասթափվա՞ծ եք:

Հիասթափված եմ չափից ավելի... Ինձ չեն մերժել, բոլորն էլ սրտանց ուզում էին, բայց ես չեմ կարող երկար տարիներ լսել միայն խոստումներ եւ այդ խոստումները տալ նաեւ միջազգային ֆեդերացիային: Մեզ՝ հայերիս, Հայաստանի համար պատվաբեր չէ միջազգային ֆեդերացիային սպասեցնել շուրջ 10 տարի այն դեպքում, երբ այդ կառույցները անվճար ցանկանում են օգնել քո երկրին, տրամադրել միջոցներ մարզաձեւը զարգացնելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ