16:03  ,  1 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Ֆոլային» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիան» կխաղա Սլովենիայի չեմպիոնի հետ

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» և «Ֆոլայի» միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունից առաջ հայկական ակումբի մյուս հավանական մրցակիցներն էին «Կոնաս-Կի Նոմադսը» (Ուելս), «Աստանան» (Ղազախստան), «Սիլեկսը» (Մակեդոնիա), Թբիլիսիի «Դինամոն» (Վրաստան), Պոդգորիցայի «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա) և «Դրիտան» (Կոսովո): Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:

Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում