19:28  ,  30 օգոստոսի, 2020

Ծանրամարտի օնլայն մրցաշար. Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր (ֆոտո)

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն եւ ռեկորդակիր, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 425 կգ արդյունք (195+ 230):

Լալայանը պոկում վարժությունը սկսեց 185 կգ-ից, երկրորդ մոտեցմամբ պոկեց 190 կգ, երրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ բարձրացրեց Հայաստանի հավաքականի մարզիչների պատվիրած 195 կգ-ը: Այս վարժությունում Լալայանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցման համար Լալայանը հաջողությամբ հրեց պատվիրված 220 կգ-ը, երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 230 կգ-ը՝ 10 կգ-ով առաջ անցնելով իր մրցակիցներից: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 243 կգ, բայց Լալայանը ձախողեց, պայքարն այս վարժությունում ավարտելով 230 կգ-ով եւ փոքր արծաթե մեդալով:

Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում: Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 102 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը, 89 կգ քաշայինների պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը բավարարվել էր փոքր բրոնզե մեդալով՝ գրանցելով չորրորդ տեղի արդյունք ընդհանուր հաշվարկում:

Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը կազմակերպվել էր Ուզբեկստանի նախաձեռնությամբ: Մրցաշարն անցկացվում էր zoom հարթակում: Հայաստանը մրցաշարին մասնակցում էր Աբովյանի մարզաբազայից:

Ինչպես ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ նշել էր ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, օնլայն մրցաշար անցկացնելու նպատակը հետագայում, անհրաժեշտության դեպքում խոշոր մրցաշարերը օնլայն տարբերակով անցկացնելու փորձ ձեռք բերելն է:

«Միջազգային ֆեդերացիայի առաջարկն է եղել հեռավար մրցաշար անցկացնել: Կարծում եմ՝ նպատակը հետագայում աշխարհի, Եվրոպայի մրցաշարերը անհրաժեշտության դեպքում հեռավար անցկացնելու փորձ ունենալն էր: Մենք բոլորս ուզում ենք, որ մրցումներ լինեն: Համավարակի պարագայում սա լավագույն լուծումն է: Հասկանալի է, որ այսպես ճիշտ չի, լավ չի, բայց մրցումներ բացարձակ չկազմակերպելն ու չանցկացնելն էլ ճիշտ չի: Այսպիսի մրցումների մասնակցությունից է կախված օրինակ մեր մարզիկների թոշակների, բանակի խնդիրները: Թեկուզ օնլայն, բայց թող լինի»,- ասել է Վիգեն Խաչատրյանը:

Նշենք, նաեւ որ առաջին օնլայն մրցաշարն ունի մրցանակային հիմնադրամ. լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 դոլար պարգեւավճար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում