17:09  ,  28 օգոստոսի, 2020

Վիգեն Խաչատրյանը՝ ծանրամարտի առաջին հեռավար մրցաշարի կարեւորության եւ անցկացման կարգի մասին

Լավ է, որ անցկացվելու է ծանրամարտի օնլայն մրցաշար: Թեկուզ օնլայն, բայց ծանրորդների համար խիստ անհրաժեշտություն է մրցաշարերի մասնակցությունը: Շատ այլ խնդիրների հետ, դրանից է կախված նաեւ մարզիկների թոշակների եւ բանակի հարցերը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցնում Աբովյանի մարզաբազայում: Թիմի երեք անդամ պատրաստվում են Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային օնլայն մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ 30-ին:

Հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է հեռավար մրցաշարի կարեւորությունն ու անցկացման կարգը:

«Առաջին հեռավար մրցաշարն է ծանրամարտի: Նույն մրցումներն են, միայն թե ամեն ինչ հեռավար է լինելու: Երկու համակարգչով եւ տեսախցիկով ենք աշխատելու: Մեկն աշխատելու է մրցահարթակի վրա, մյուսը՝ մրցավարի: Մենք քաշերի պատվերներն անելու ենք օնլայն: Ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ կընթանա: Ճիշտ է՝ առաջին անգամ է լինելու, բայց ես արդեն պատկերացնում եմ՝ ինչպես է լինելու: Մենք մեր տեսախցիկներով միանալու ենք մեկ ընդհանուր օնլայն հարթակի եւ, ինչպես սովորական մրցումների ժամանակ է, ըստ քաշերի եւ ըստ մարզիկների հերթականության՝ մոտենալու ենք ծանրաձողին: Րոպեները պահպանվում են. ինչպես մրցաշարերի ժամանակ է տրվում 1 րոպե մրցահարթակ դուրս գալու եւ ծանրաձողը բարձրացնելու համար, այնպես էլ այստեղ է լինելու:

Ամեն երկրից մեկ մրցավար է լինելու: Մեր մրցավարը Փաշիկ Ալավերդյանի որդին է, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Ինչպես մրցաշարերի ժամանակ, այնպես էլ այստեղ, մրցավարը նստած է լինելու մրցահարթակի առջեւ, որպեսզի ֆիքսի քաշերը: Լինելու է նաեւ ժյուրի կազմ, որը նստած կլինի Ուզբեկստանում: Ժյուրին հետեւելու է մրցավարներին: Քաշը ֆիքսելու է մրցավարը: Եթե ինչ-որ բան այնպես չլինի, ժյուրին նոր կմիջամտի, կասի՝ ճիշտ էր մրցավարը, թե՝ սխալ:

Մենք մրցաշարին կմասնակցենք Աբովյանի մարզաբազայի դահլիճից: Մրցաշարի պաստառը պետք է տեղադրենք մրցահարթակի հետնամասում: Լիովին կապահովենք մրցումային մթնոլորտ»,- մանրամասնեց Վիգեն Խաչատրյանը:

Հայաստանը միջազգային օնլայն մրցաշարին ներկայացուցիչ կունենա երեք քաշային կարգերում՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայան։

 «5 քաշային կարգում է անցկացվելու մրցաշարը: 67 եւ 73 կգ քաշային կարգերում ներկայացուցիչներ չունենք: Ամեն քաշից մեկ ներկայացուցիչ են ուզել: Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի, որովհետեւ չենք ցանկանում, որ նա այս պահին անձնական քաշ գցի: Չի եղել այնպես, որ թիմի անդամներից մեկն ուզել է մասնակցել, չի կարողացել: Մարզիչներով այս երեք մասնակցին ենք ներկայացրել:

Մրցաշարը կտեւի երկու օր: Օգոստոսի 29-ին կմասնակցի Անդրանիկ Կարապետյանը, 30-ին՝ Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը:

Այս պահին Աբովյանի մարզաբազայում ենք, հավաքի մեջ ենք: Մրցումներին ներկա կլինեն հավաքականի բոլոր անդամները, կերկրպագեն իրենց թիմակիցներին»,- ասաց թիմի մարզիչը:

Ըստ Վիգեն Խաչատրյանի, օնլայն մրցաշար անցկացնելու նպատակը հետագայում, անհրաժեշտության դեպքում, խոշոր մրցաշարերը հեռավար անցկացնելու փորձ ձեռք բերելն է:

«Միջազգային ֆեդերացիայի առաջարկն է եղել հեռավար մրցաշար անցկացնել: Կարծում եմ՝ նպատակը հետագայում աշխարհի, Եվրոպայի մրցաշարերը անհրաժեշտության դեպքում հեռավար անցկացնելու փորձ ունենալն է: Մենք բոլորս ուզում ենք, որ մրցումներ լինեն: Համավարակի պարագայում սա լավագույն լուծումն է եւ, կարծում եմ, կհաջողի, արդյունավետությունը չի տուժի: Հասկանալի է, որ այսպես ճիշտ չի, լավ չի, բայց բացարձակ մրցումներ չկազմակերպելն ու չանցկացնելն էլ ճիշտ չի: Այսպիսի մրցումների մասնակցությունից է կախված օրինակ մեր մարզիկների թոշակների, բանակի խնդիրները: Թեկուզ օնլայն, բայց թող լինի: Պարզ է, որ բոլորս կուզեինք գնալ, մասնակցել հենց մրցավայրում:

Ամեն ինչ կանենք, որ հոգեբանորեն էլ մեր տղաներին տրամադրենք մրցումների, ստեղծենք մթնոլորտ, որ իրենք, չնայած իրենց մարզադահլիճում են, բայց մրցման են»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:  

Մրցաշարը մեկնարկելու է օգոստոսի 29-ին, ժամը 21:00-ին:

Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 դոլար պարգեւավճար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում