12:11  ,  25 օգոստոսի, 2020

Վբեյմար Անգուլոն կխաղա Հայաստանի հավաքականում

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  

«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:

Եթե  ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:

Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»,- Անգուլոյի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․

«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008

«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011

«Աթլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011

«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013

«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015

«Գանձասար-Կապան» – 2015-ից մինչև օրս 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում