00:53  ,  24 օգոստոսի, 2020

«Բավարիան» 6-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 6-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում առանց հանդիսականների անցկացված Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցեց Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Բավարիայի» տարածքային առավելությամբ ընթացած առաջին խաղակեսում իրական գոլային հնարավորություններ ունեին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ու «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Առաջին դրվագում սեյվի հեղինակ դարձավ մյունխենյան թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, երկրորդ դրվագում Լեւանդոսկու հարվածից հետո գնդակը դուրս եկավ ուղղահայաց դարպասաձողից։

Խաղակեսի վերջնամասում էլ Լեւանդովսկու հարվածից հետո փարիզյան թիմին գոլից փրկեց կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։

Առաջին կեսի նախավերջին րոպեին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հարվածից հետո «Բավարիային» դարձյալ փրկեց Նոյերը։

Երկրորդ խաղակեսում զգալի տարածքային եւ խաղային առավելությունը «Բավարիան» գոլի վերածեց 59-րդ րոպեին։  Գերմանացի պաշտպան Ջոշուա Կիմիխի երկար փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը, որը ՊՍԺ-ի ակադեմիայի սան է։

Դրանից հետո գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած փարիզյան թիմը տիրեց նախաձեռնությանը, ձեռնարկեց մի քանի վտանգավոր գրոհներ, սակայն գոլ խփել չհաջողվեց։

ՊՍԺ-ն առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիան»՝ 11-րդ անգամ։ Մյունխենյան ակումբը նախորդ անգամ գավաթը նվաճել էր 2013-ին՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

ՊՍԺ - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում