23:47  ,  23 օգոստոսի, 2020

ՉԼ․ ՊՍԺ-ն ու «Բավարիան» առաջին խաղակեսում գոլ չխփեցին

Լիսաբոնում ընթացող Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցում են Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել՝ 0։0։

«Բավարիայի» որոշակի տարածքային առավելությամբ ընթացող խաղում իրական գոլային հնարավորություններ ունեին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ու «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Առաջին դրվագում սեյվի հեղինակ դարձավ մյունխենյան թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, երկրորդ դրվագում Լեւանդոսկու հարվածից հետո գնդակը դուրս եկավ ուղղահայաց դարպասաձողից։

Խաղակեսի վերջնամասում էլ Լեւանդովսկու հարվածից հետո փարիզյան թիմին գոլից փրկեց կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։

Նախավերջին րոպեին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հարվածից հետո դարձյալ «Բավարիային» փրկեց Նոյերը։

Ընդմիջում է։

ՊՍԺ-ն առաջին անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիան»՝ 11-րդ անգամ։ Մյունխենյան ակումբը հնգակի տիտղոսակիր է։ Նախորդ անգամ գավաթը նվաճել է 2013-ին՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

ՊՍԺ - «Բավարիա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում