09:45  ,  24 օգոստոսի, 2020

Հակոբ Սերոբյան․ Մեզ դահլիճ է պետք, Ազարյանի դպրոցը սեյսմակայուն չէ, նորոգման փողերը սառեցված են (ֆոտո)

Դեռեւս 2019 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից տրամադրվելու է 146 միլիոն դրամ:

Որոշ ժամանակ անց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտեց, որ գումարն արդեն հաստատված է եւ, ըստ նախնական տեղեկությունների, մարզադպրոցի վերանորոգումը մեկնարկելու է նույն տարվա հունիսին եւ տեւելու է շուրջ 1 տարի:

Հունիսին մարզադպրոցի վերանորոգումը չսկսվեց: Ավելին, գործընթացը կանգ առավ, քանի որ ըստ մասնագետների, Ազարյանի մարզադպրոցի շենքը սեյսմակայուն չէ, եւ խնդիր է այնտեղ վերանորոգում անելը:

Հակոբ Սերբոյանի սաներն այդ ընթացքում ինքնուրույն ձեռնամուխ եղան մարզադահլիճի հատակի եւ ազատ վարժությունների գորգի վերանորոգման եւ տեղադրման աշխատանքներին: Մարզադպրոցում մարզումները վերսկսեցին 2019 թվականի աշնանը: Իսկ մարմնամարզիկների համար նախատեսված եւ հաստատված գումարը մնաց սառեցված, մարզադպորցի վերանորոգման աշխատանքները նույնպես:

Ավելի ուշ խոսակցություններ շրջանառվեցին մարմնամարզիկների համար Երեւանում լիովին նոր մարզադպրոց կառուցելու մասին, սակայն այդ գործընթքացն էլ շուտով «սառեցվեց» նախորդի պես: Մարմնամարզիկները շարունակում են մինչ օրս մարզվել Ալբերտ Ազարյանի անվան կիսաքանդ դպրոցում՝ մաշված գույքով, քանդման ենթական հատակով եւ կյանքի համար վտանգավոր, անմխիթար պայմաններում:

Օրերս հայտնի դարձավ, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Հավաքական թիմերի մարզական կենտրոնը», որը նախկինում եղել է մարմնամարզության բարձրագույն դպրոց, 2019 թվականից ՀՀ կառավարության կողմից վերադարձվել է պետությանը: Մարզադպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կենտրոնի ենթակայության տակ եւ այժմ քննարկվում է որեւէ մարզաձեւին շենքը հանձնելու հարցը: Ինչպես կենտրոնի ժ/պ տնօրեն Արայիկ Հակոբյանը NEWS.am Spօrt-ին հայտնեց, մարզադպրոցով հետաքրքրված են մի քանի ֆեդերացիաներ, մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի եւ մարմնամարզության ֆեդերացիաները:

NEWS.am Sport-ը մարզադպորցի վերաբերյալ զրուցել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:

«Հավաքական թիմերի մարզական կենտրոնը» նախկինում եղել է մարմնամարզիկների դահլիճը, կոչվել է մարմնամարզության բարձրագույն դպրոց, ինքս էլ այնտեղ եմ մարզվել: Հավաքականները հենց այդ դպրոցում էին պատրաստվում: Խորհրդային Միության ժամանակ կար հնարավորություն հավաքներ անցկացնել այդտեղ: Այս մարզադպրոցում բարձրակարգ մարզիկներն էի մարզվում: Ես այնտեղ մարզվել եմ 1984-86 թվականներին: Հիշում եմ՝ շատ լավ պայմաններ էին՝ ամեն ինչից կտրված: Կիլիկիայից ոտքով էինք գնում մարզումների: Ձախ դահլիճում սպորտային մարմնամարզությունն էր՝ տղաներ-աղջիկներ, աջում՝ գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, ցատկատախտակներ, ցատկացանց: Հրաշալի մարզագույք ունեինք: Դրսից էին գալիս հավաքներ անցնում: Սովետական Հայաստանի հավաքականը միայն այդտեղ էր մարզվում:

Վերջերս տեղեկացանք, որ մարզադպրոցը վերադարձվել է պետությանը եւ այժմ քննարկվում է որեւէ մարզաձեւին այն տրամադրելու հարցը: Լսել եմ, որ մարզադպրոցով հետաքրքրված է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մենք նույնպես հետաքրքրված ենք. ես խոսում եմ մարմնամարզիկների եւ մեր ֆեդերացիայի անունից եւ շատ կուզեինք, որ դահլիճներից մեկը տրամադրվեր նաեւ մարմնամարզիկներին: Այնտեղ երկու մեծ դահլիճ կա, կարելի է երկու մարզաձեւի տրամադրել. օրինակ՝ մեկը մարմնամարզիկներին, մյուսը՝ ֆուտբոլին»,- ասաց Հակոբ Սերբյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, մարմնամարզիկների նոր մարզադահլիճ ունենալու խնդիրը օրհասական է, քանի որ հավաքական թիմը առանձին մարզվելու դահլիճային պայմաններ չունի:

«Մեզ դահլիճ է պետք: Մեր ունեցած երկու դահլիճը՝ Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Շահինյանի, մեզ համար քիչ է: Բազմիցս շեշտել եմ. միջազգային չափանիշները շատ են  փոխվել: Մեր հավաքականը միջազգային բարձր մակարդակի տղաներ ունի: Անում ենք, ինչ կարողանում ենք: Հետագայում երիտասարդները, պատանիները, եթե ունենան ավելի լավ հնարավորություն, ավելի բարձր արդյունքներ կունենանք, ունեցածը կկրկնապատկենք: Օրինակ՝ մեր հիմնական կազմը՝ մեծերը, չեն ունեցել ու հիմա էլ չունեն հնարավորություն, պայմաններ, բայց մենք արել ենք, անում ենք ու չենք ընկճվում մեր պայմանների բացակայությունից: Ներկայիս երիտասարդներն ու պատանիներն էլ լավ օրինակ ունեն իրենց աչքի առաջ, մեծերին նայելով, հաջողությունները տեսնելով ուզում են իրենք էլ բարձր արդյունքներ գրանցել: Ես շատ կցանկանայի, որ հետագայում, երբ մենք թոշակի անցնեինք, մարմնամարզությունը ծաղկեր, ավելի մեծ հաջողություններ ունենայինք:

Այս պահին չեմ վախենում հայտարարել, որ հայկական մարմնամարզությունը մեր տղաների շնորհիվ վերածնվել է: Կուզեի, որ այս ձեռբերումը պահվպանվի, ավելանա, գոնե չկորի, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են դահլիճներ՝ միջազգային չափանիշներին եւ պայմաններին համապատասխան: Իմ մարզիկ լինելու ժամանակաշրջանում Հայաստանում կար 7-8 մարմնամարզության դահլիճ, այսօր գործում է միայն երկուսը: Նախկինում Ծաղկաձորում ունեինք դահլիճ՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոնից» բացի, բայց այսօր Ծաղկաձորում էլ չկա: Մեզ առաջարկում են Ծաղկաձորում հավաք անցնենք, բայց այնտեղ կարող ենք միայն ֆիզիկական պատրաստվածության վրա աշխատել. այնտեղ դահլիճ չկա, գործիքներ չկան»,- նշեց մարզիչը:

Հակոբ Սերոբյանը նշում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկներից Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը նոր, ավելի բարդ ցակտի վրա է աշխատում, որով օլիմպիական մեդալի հայտ է ներկայացնելու, սակայն անհատական մարզվելու, օրական մի քանի մարզումներ անցնելու հնարավորություն, դահլիճային պայմաններ չունեն:

«Մեր ցանկությունն ու նպատակը ամենաբարձրն է: Հասել ենք նրան, որ այսօր մեր թիմն ունի աշխարհի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն,  աշխարհի գավաթակիրներ, Եվրոպական խաղերի չեմպիոն, մեդալակիրներ: Ուզում ենք օլիմպիական չեմպիոն ունենալ եւ մեդալակիրներ, եւ մեկ օլիմպիական չեմպիոն չէ, այլ մի քանի: Ամենաբարձրին ենք ձգտում, կարող ենք, բայց դրա համար մեզ պետք են դահլիճներ. այս պահի դրությամբ գոնե մեկ դահլիճ, որտեղ կմարզվի միայն հավաքականը:

Այս պահին հավաքականների մարզումները կենտրոնացած են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Մարզվում ենք օրական 2-3 ժամ առավոտյան: Կեսօրից հետո արդեն գալիս են երեխաներն ու այլեւս չի լինում օրվա երկրորդ մարզումն անցկացնել: Ստիպված բավարարավում ենք մեկ ծանրաբեռնված մարզումով: Մեզ անհրաժեշտ է մի դահլիճ, որտեղ միայն հավաքականները կմարզվեն իրենց ամբողջական ծրագրով, ծանրաբեռնված, կարեւոր մրցաշարերից առաջ խիտ գրաֆիկով:

Առջեւում Օլիմպիական խաղերն են եւ մենք նոր ու բարդ ցատկով ենք պատրաստվում հանդես գալ Տոկիոյում: Նպատակը՝ օլիմպիական մեդալն է, օլիմպիական ոսկին, բայց մեր ունեցած պայմաններով մեծ դժվարություններ կունենանք պատրաստման փուլում:

Փորձելու ենք ամեն ինչ անել այս Օլիմպիական խաղերին, որպեսզի մեդալով վերադառնանք:  Կարող ենք, պետք է ցույց տանք, ապացուցենք, որ կարող ենք:

Պետք է ուղղակի ուշադրություն դարձվի մեր մարզաձեւին, դահլիճ կառուցվի. գոնե «Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» նման մի հավաքական կենտրոն ունենանք: Մինչեւ առանձին մարզադպրոցը կառուցվի, ես այդ ժամանակ արդեն հավաքականի գլխավոր մարզիչը չեմ լինի: Թող ով էլ լինի, այս դժվարությունների, խնդիրների առաջ չկանգնի, ինչպես մենք:

Սպորտային մարմնամարզությունը Հայաստանում հենակետային մարզաձեւերից մեկն է: Մյուս բոլոր հենակետային մարզաձեւերը ունեն առանձին դահլիճներ, որտեղ մարզվում են միայն հավաքականները, մենք՝ չունենք: Մենք շատ բան չենք ուզում՝ մինիմալը»,- շեշտեց Հակոբ Սերոբյանը:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի 2019 թվականի պետբյուջեից տրամադրված գումարին եւ Ա. Ազարյանի մարզադպրոցը վերանորոգելու հարցին, հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով հաստատված եւ դուրս գրված գումարի մասին տեղեկություններ չունի, մարզադպրոցի վերանորոգումն էլ հարցականի տակ է:   

«Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը վերանորոգելու համար տրամադրված գումարին եւ, առհասարակ, այդ մարզադպրոցը վերանորոգելու հարցին, իմ տեղեկություններով ամեն ինչ նույն է՝ սառեցված վիճակում: Հստակ ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասել՝ ինչ ընթացք կա այս գործի վերաբերյալ: Մեզ տրամադրվեց գումար վերանորոգման համար, բայց խնդիր առաջ եկավ շենքի սեյսմակայունության հարցը: Այժմ տեղեկություն չունեմ նաեւ հաստատված գումարը կա՞, թե ոչ: Իմ տեղեկություններով քաղաքապետարանը եւ փորձագետները գտել էին, որ իմաստ չկա մարզադպորցը վերանորոգել: Ես նույնպես գտնում եմ, որ չարժեր պետության տրամադրած գումարը ներդնել մարզադպրոցի վերանորոգման վրա, քանի որ մի քանի տարի հետո նորից նույն վիճակն էր լինելու»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս