10:25  ,  23 օգոստոսի, 2020

Ո՞ւմ բաժին կհասնի «Հավաքական թիմերի մարզական կենտրոնը» (ֆոտոշարք)

Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում, «Օռանժ ֆիթնես» մարզական կենտրոնի հարեւանությամբ դեռ 80-ականներից գործում էր «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» մեծ մարզաբազան: Մինչեւ 90-ականներն այս մազաբազան ծառայել է որպես մարմնամարզության 4 ձեւերի համալիր կենտրոն եւ կոչվել  մարմնամարզության բարձրագույն դպրոց: Այստեղ մարզվել են հավաքական թիմերի անդամները: Տարիների ընթացքում մարմնամարզությանը միացան նաեւ այլ մարզաձեւեր, մասնավորապես ըմբշամարտ, ծանրամարտ:

Մարզաբազան ունի երկու մեծ մասնաշենք առանձին մարզադահլիճներով, մարզիկների քնասենյակների առանձնացված շենք, ճաշարան: Վերջին հավաքը մարզադպրոցում եղել է Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ. հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նաեւ այս մարզադպրոցում են պատրաստվել Խաղերին: Բացի ըմբիշներից նույն դահլիճում, ըմբշամարտի գորգից մի քանի մետր հեռավորության վրա, մարզվել են նաեւ գեղարվեստական մարմնամարզուհիները:

Արդեն երկար տարիներ մարզադպրոցը չի գործում, իսկ ավելի ստույգ գործում է փակ դռների հետեւում եւ ոչ մարզիկների ու մարզվողների համար: Մարզադպրոցում մինչեւ 2019 թվականը կանոնավոր մարզումներ տեղի չեն ունեցել, քանի որ շենքը հանձնվել է մասնավոր սեփականության եւ շահագործման: Այստեղ նախկին տնօրենի օրոք գործել է հյուրանոց եւ ռեստորանային համալիր: Իսկ նախկին տնօրենը եղել է Յուրա Բեգլարյանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը:

2019 թվականին ՀՀ կառավարության կողմից մարզադպրոցի շենքը վերադարձվել է պետությանը եւ այժմ նախկին բարձրագույն մարզադպրոցը վերանորոգման եւ որպես մարզադպրոց աշխատելու խնդրի առաջ է:

2019 թվականի դեկտեմբերի 16-ից «Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» տնօրենի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ազատամարտիկ Արայիկ Հակոբյանը, որի նպատակը նախկին մարզադպրոցը հայկական սպորտին ծառայեցնելն ու մեծ մարզական կենտրոն դարձնելն է:

NEWS.am Sport-ն այցելեց մարզադպրոց, որի դռներն, ինչպես ասում է ժ/պ տնօրենը, այժմ բաց են բոլորի առաջ:

Արայիկ Հակոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մարզադպրոցն ընդունել է անմխիթար վիճակում, կենտրոնի հաշիվները կալանքի տակ են, հարուցված է քրեական գործ մարզադպրոցի շահագործման հետ կապված: 

«Մարզադպրոցի տարածքը եւ մասնաշենքերը պայմանագրով հանձնված են եղել այժմ սնանկ ճանաչված ՍՊԸ-ի: Այդ պայմանագիրը պետության շահերին դեմ է եղել: Մենք ստիպված եղանք մինչեւ տարածք գալը, դիմել կադաստրին եւ սնանկության կառավարչին, որպեսզի կադաստրով լուծարենք այդ պայմանագիրը: Այդ գործընթացից հետո միայն՝ երկու ամիս առաջ ստեղծվեց  հանձնաժողով, մենք կարողացանք գալ, մտնել այս տարածք:

Տարածքն ու մարզադպրոցն ինձ հանձնող չի եղել, նախկին տնօրենից տեղյակ չեմ, չգիտեմ: Քրեական գործ կա հարուցված այս մարզադպրոցի շահագործման համար: Ինձ որեւէ մեկը նախկին աշխատացնողներից չի հանձնել: Պետգույքի կանչերին եւս որեւէ մեկը չի արձագանքում, նախկինում էլ չի արձագանքել՝ գույքի վերաբերյալ հաշվետվություններ, գրություններ չեն ներկայացվել, ոչինչ չի արվել: Միայն տեղեկություն ունեմ, որ մարզադպրոցի նախկին տնօրենը եղել է Յուրա Բեգլարյանը, որին մեկ հրամանով ազատել են տնօրենի պաշտոնից, մեկ այլ հրամանով ինձ նշանակել»,- ասաց Արայիկ  Հակոբյանը:

Մարզադպրոցի ժ/պ տնօրենը խոստովանում է, որ համաձայնել է տնօրենի պաշտոնը ստանձնել, որպեսզի փորձի կենտրոնը նորից ծառայեցնել հայկական սպորտին, ինչպես նախկինում է եղել:

«Այժմ սպասում ենք ներդրողների առաջարկներին: Մեր բոլորիս մեծ ցանկությունն ու նպատակը մարզադպրոցն իր նախկին տեսքին եւ գերնպատակին հասցնելն է: Կուզեմ, որ այն ծառայի հայկական սպորտին, ինչու ոչ՝ նաեւ արվեստին, եթե կլինեն առաջարկներ:

Տեղյակ եմ, որ նախկինում կենտրոնը եղել է մարմնամարզության դպրոց, հետագայում այստեղ մարզվել եւ հավաքներ են անցել այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ՝ ըմբշամարտ, ծանրամատ, բռնցքամարտ, ձեռքի գնդակ, ռեգբիի ֆեդերացիայի փաստաթղթեր էլ են ձեռքիս տակ ընկել հնուց մնացած: Հուսամ՝ կկարողանանք ոտքի հանել մարզադպրոցը, եթե ցանկությունը մեծ լինի:

Այս պահին մարզադպրոցով հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հետաքրքրված է նաեւ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Դպրոցի մասնաշենքերը բավական մեծ են՝ շենքային տարածքը զբաղեցնում է 8000 քմ, հողային հատվածը՝ 2 հա: Նույնիսկ մի քանի մարզաձեւեր կարող են համատեղ երկու տարբեր մարզադահլիճներում մարզվել՝ մեկը մյուսին չի խանգարի: Եթե պետական գույքի կառավարման կոմիտեն հասկանա պայմանագրի կնքման նպատակահարմարությունը, կարծում եմ՝ հնարավոր է շուտ ոտքի կանգնեցնել մարզադպրոցը»,- ասաց տնօրենը:

Արայիկ Հակոբյանի խոսքով, մարզադպրոցն անմխիթար վիճակում է, չի գործում ջեռուցման, օդափոխության համարգը, երկու մասնաշենքերի տանիքը, մարզադահլիճների հատակը նորոգման կարիք ունեն:

«Առաջնահերթ խնդիրը ջեռուցման եւ օդափոխության համակարգի վերանորոգումն է, մարզիկների քնասենյակների մասնաշենքի տանիքն ամբողջությամբ պետք է փոխվի, քանի որ կաթում է, մյուս հատվածների տանիքը թեթեւ վերանորոգման խնդիր ունի: Ջեռուցումը բացարձակ չի աշխատում: Եղած համակարգը սառեցրել են, պայթեցրել են, գոյություն չունի: Ինչ վերաբերում է գույքին, մարզագույք մարզադպորցում գոյություն չունի: Եղածն էլ պիտանի չէ օգտագործման: Քայլ առ քայլ պետք է գնանք խնդիրների լուծման: Կարեւորն այն է, որ սկսել ենք մի գործընթաց, որը պետք է տանի մարզադպորցի առողջացման եւ վերականգնման:

Երազանքս ու նպատակս այն է, որ գամ, մարզվող երեխաների արանքներով մի կերպ փորձեմ հասնել իմ աշխատասենյակ եւ ծառայել հայկական մեծ սպորտին»,- նշեց Արայիկ  Հակոբյանը:

«Հավաքական թիմերի մարզական կենտոնի» նախկին տնօրեն Յուրի Բեգլարյանն այժմ հետախուզման մեջ է, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Յուրա Բեգլարյանի օրոք մարզաբազայի մարզիկների համար նախատեսված քնասենյակների մասնաշենքը ծառայել է որպես հյուրանոց, մարզադպրոցի մեկ այլ շենք էլ հարմարեցված է եղել, որպես ռեստորան:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում