18:00  ,  11 փետրվարի, 2012

Աշուն - գարուն համակարգի նպատակահարմարությունը

Այս տարի Հայաստանի ֆուտբոլային մրցաշրջանը տարբերվելու է նախորդից անցկացման ժամանակացույցով: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց առաջնություններն աշուն-գարուն համակարգով անցկացվնելու օգտին: 2012 թվականին առաջնություններն անցումային են լինելու:

Ժամանակին Հայաստանում նման փորձ կատարվել է: Սակայն հետո նորից կազմակերպիչները վերադարձան գարուն-աշուն համակարգին:

Ոմանք նշում են, որ աշուն-գարուն համակարգի համար բավարար չեն լինելու խաղադաշտերը, ոմանք եղանակային պայմաններն են համարում նոր համակարգի գլխավոր խոչընդոտը: Հին համակարգով (գարուն-աշուն) թիմերը մրցաշրջանը սկսում էին ապրիլի վերջին կամ մարտի կեսին ու ավարտում նոյեմբերին: Այդ առումով հիմա էլ ոչ մի բան չի փոխվելու: Սկսելով մրցաշրջանը օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ թիմերը հանգստի են գնալու նոյեմբերին ու վերսկսելու են առաջնությունը մարտին: Այսինքն` խաղադաշտերի առումով ոչ մի տարբերություն չի առաջանալու: Հնարավոր է, որ ընդամենը մեկ շաբաթ ավելի անցկացվի առաջնությունը նոյեմբերին: Մնացածը փաստորեն մնում է նույնը: Ստացվում է, որ տարբերությունը միայն այն է, որ չեմպիոնը հայտնի է դառնալու ոչ թե նոյեմբերին, այլ՝ մայիսին:

Ոմանք մատնանշում են, որ նոր համակարգին անցնելով` մեր թիմերը չեն կարողանա լավ մարզավիճակում ներկայանալ Եվրագավաթների խաղարկություններում: Սակայն, առանց այդ էլ Հայաստանի թիմերը լուրջ հաջողություւնների չեն հասնում ակումբային մակարդակով, թեկուզ ավելի լավ մարզավիճակում են մոտենում այդ հանդիպումներին: Այդ առումով հայկական ակումբները լրիվ այլ խնդիրներ ունեն, որոնք լուծելու համար շատ ժամանակ է պահանջվում ու մեծ ներդրումներ:

Նոր համակարգով չի փոխվում նաեւ նախապատրաստական շրջանը: Թիմերը հնարավորություն են ստանում մրցումներին նախապատրաստվել դեկտեմբերից մինչեւ մարտ եւ հունիս - օգոստոս ժամանակահատվածում:

Բայց կա եւս մեկ գործոն, որը պետք է հաշվի առնել: Նոր համակարգին անցնելով` հայկական ֆուտբոլն ավելի է ինտեգրվում Եվրոպային: Տարբեր տարիքային խմբերում Եվրոպայի առաջնություններ կազմակերպելիս եւ անցկացնելիս ՈՒԵՖԱ-ի խաղացանկին ավելի հարմար է աշուն-գարում համակարգը:

Համենայնդեպս, մեր առաջնությունում էական փոփոխություն չի լինի: Փոխվում են միայն անցկացման ժամկետները:

ՀՖՖ գործկոմը դեռեւս չի հաստատել անցումային առաջնության խաղացանկը, բայց ըստ նախատեսածի՝ բարձրագույն խմբի թիմերը անցկացնելու են վեց շրջան: Ավելանում է խաղերի թիվը` 28-ից հասնելով 42-ի: 32 խաղ թիմերը կանցկացնեն այս տարի, մնացած տասը հանդիպումներն անցկացվելու են 2013 թվականին: Իսկ առաջին խմբի մրցաշարը, որին այս անգամ մասնակցելու են տասը թիմեր, անցկացվելու է չորս շրջանով, որոնցից երեքը 2012 թվականին, իսկ մեկն էլ`  հաջորդ տարի:

Նոր համակարգի առավելություններն ու թերություններն ավելի հստակ կդառնան մրցումների անցկացման ընթացքում:

Խաչիկ Չախոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով