09:41  ,  20 օգոստոսի, 2020

ՉԼ. ՈւԵՖԱ-ն «Սլովանին» պարտադրել է խաղալ փոխարինողների կազմով

ՈւԵՖԱ-ն Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» արգելել է հիմնական կազմով մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին, որտեղ մրցակիցը լինելու է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկը»: «Սլովանը» ստիպված կլինի խաղալ փոխարինողների կազմով, հայտնում է Sport Aktuality-ն:

Ֆարերյան կղզիներ ուղևորվելուց առաջ Բրատիսլավայի թիմի կիսապաշտպան Վլադիմիր Վայսի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչի պատճառով նա չէր մեկնել թիմի հետ: Մրցավայր էին ժամանել «Սլովանի» անձնակազմը և մնացած ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսի թեստ էին հանձնել: Դրական էր եղել միայն թիմի ֆիզիոթերապևտի թեստի պատասխանը: Տեղի օրենքների համաձայն՝ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում ինքնաթիռով ժամանած բոլոր անձինք պետք է գտնվեն 14-օրյա ինքնամեկուսացման մեջ կամ անմիջապես վերադառնան հետ:

2 ակումբները դիմել են ՈւԵՖԱ, որը որոշել է, որ «Սլովանը» կարող է հանդես գալ միայն փոխարինողների կազմով, այլապես թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն: Հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա օգոստոսի 21-ին:

«Սլովանի» փոխարինողների թիմը հանդես է գալիս Սլովակիայի երկրորդ դիվիզիոնում և երրորդ տուրից հետո վերջին՝ 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English