15:31  ,  18 օգոստոսի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղի մրցավարը փորձել է ինքնասպանություն գործել տարիներ առաջ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և Կիպրոսի «Օմոնիայի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղի գլխավոր մրցավար նշանակված ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն տարիներ առաջ փորձել է ինքնասպանություն գործել:

2008 թվականի հոկտեմբերի 3-ին ռումինացի մրցավարը փորձել է նետվել իր տան պատշգամբից: Այդ ժամանակ 31-ամյա մրցավարին վերջին պահին կանգնեցրել են ոստիկանները, որոնց դեպքի վայր էին կանչել հարևանները, հաղորդում է gsp.ro-ն:

Այդ տարվա օգոստոսին Սեբաստիան Կոլցեսկուն հաճախ սխլվելու պատճառով մեկ տարով զրկվել էր Ռումինիայի ուժեղագույնների լիգայի խաղեր սպասարկելու հնարավորությունից, ինչպես նաև կորցրել էր ՖԻՖԱ-ի մրցավարի կոչումը: Դրանից առաջ նա բաժանվել էր կնոջից, հետո՝ նաև նոր ընկերուհուց:

Հատկանշական է, որ Կոլցեսկուի ինքնասպանության փորձի պահը նկարահանել էր ռումինական ալիքներից մեկը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղը տեղի կունենա օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում