19:01  ,  15 օգոստոսի, 2020

Թոմաս Մյուլեր․ Նույնիսկ բրազիլացիներին 7։1 հաղթելուց այսքան ուժեղ չէինք վերահսկում խաղը, ինչքան «Բարսելոնայի» դեմ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան, 2014թ․ աշխարհի չեմպիոն Թոմաս Մյուլերը մեկնաբանել է 8։2 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ Լիսաբոնում անցկացված Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում։ Մյուլերը դարձել է դուբլի հեղինակ։

«Նույնիսկ 2014թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիներին 7։1 հաղթելուց այսքան ուժեղ չէինք վերահսկում խաղը, ինչքան «Բարսելոնայի» դեմ։ Հրաշալի է, որ ես նորից դարձա պատմական հանդիպման մասնակից։ Առանձնահատուկ երեկո էր, առանձնահատուկ արդյունք։ Մենք շատ տարբերվող խաղ ցուցադրեցինք։

Հաճելի էր տեսնել, որ փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստները պահում էին բարձր մակարդակը եւ խաղում նույն հաճույքով։ Կարեւոր է, որ մենք կարողանում ենք խաղադաշտում գործել առանց որեւէ սահմանափակման եւ կաշկանդվածության։ Հիմա պետք է վերականգնվել եւ պատրաստ լինել կիսաեզրափակիչին»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում