19:52  +04,  14 օգոստոսի, 2020

Արմեն Բաբալարյան. Հայաստանի առաջնության գոտեմարտերը միջին էին՝ ոչ լավ, ոչ վատ

Հայաստանի առաջնության արդյունքները, գոտեմարտերը միջին էին՝ ոչ լավ, ոչ վատ: Երիտասարդները գոհացնող ներուժ ունեն, բայց աշխատելու մեծ տեղ կա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Օգոստոսի 11-13-ը Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Ջոթյանը (60 կգ), Հայկ Ասատրյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Սամվել Սարգսյանը (87 ), Գառնիկ Հակոբյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Հավաքականի ավագ մարզիչի խոսքով կորոնավիրուսի համավարակի պայմաններում երիտասարդները բավարար մարզավիճակ են կարողացել ձեռք բերել:

«Հայաստանի առաջնությանը մասնակցեց 64 ըմբիշ: Մասնակիցները քիչ էին, բայց որակ կար՝ մասնավորպես, 55, 67, 77 կգ քաշային կարգերում: Ընդհանուր տղաների պատրասվածությունը 60-70 տոկոս էր: Որոշ չափով մարզվել էին, աշխատել էին, շատ չեմ գովի: Պայքար կար նշածս քաշային կարգերում, դրան զուգահեռ ունեցանք նաեւ քաշեր, որտեղ զրո էր պայքարը: 82 կգ քաշային կարգում խնդիր ունեինք՝ 3 մասնակից, ծանր քաշում եւս 3-ն էին, պայքար չկար: Բոլոր քաշային կարգերում էլ մասնակիցների առումով խնդիր ունեցանք. 64 մասնակիցն արդեն խնդիր է:

Իմ մարզիկ լինելու տարիներին, օրինակ, ամեն քաշում 50-60 մասնակից էր լինում, գրեթե նույնքան, որքան այսօր Հայաստանի առաջնությանը: Նախորդ տարվա առաջնությանը շուրջ 100 մասնակից կար: Այս տարի մեծ մասը բանակ գնացին, չունենք տարկետումներ, թիվը նվազեց: Նախորդ կազմի հիմնական մասը համալրել է մեծահասակների հավաքականը, բայց մի քանիսին կանչեցի՝ նորից մասնակցեն իրենց քաշային կարգում, քանի որ դեռ գտնվում են երիտասարդների տարիքում եւ իրավունք ունեն մասնակցելու:

Մասնակիցներ ունեինք Գեղարքունիկի մարզից, Շիրակից, Արագածոտնից, Արմավիրից, Արարատից: Սյունիքի մարզն է պասիվ: Օգոստոսի 23-ից հետո Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կանցկացնենք»,-ասաց Արմեն Բաբալարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ