14:07  ,  13 օգոստոսի, 2020

Նեյմարը հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է իր թիմակից Մաքսիմ Շուպո-Մոտինգին:

Լիսաբոնում կայացած խաղում կամերունցի հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում խփել էր ՊՍԺ-ի հաղթական գոլը:

Հիշեցնենք, որ մինչև 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ և դուրս եկավ հաջորդ փուլ: ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում