13:08  ,  13 օգոստոսի, 2020

Թոմաս Տուխել. Ես առաջինն եմ, ով խոստովանում է դա

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո խոստովանել է, որ այդ մրցաշարում հնարավոր չէ հաջողության հասնել առանց բախտի գործոնի:

«Պատկերացրեք, թե ինչպես կտոնեի հաղթանակը, եթե 2 ոտքերս էլ առողջ լինեին: Այսօր ակումբի հիմնադրման 50-ամյակն է, և մենք, միանշանակ, կհիշենք այս օրը: Մենք շատ երջանիկ ենք: Մարդիկ կողքից չեն հասկանում, թե որքան բարդ է հասնել այս նպատակներին: Սա շատ մեծ քայլ առաջ է մեզ համար:

«Բորուսիայի» դեմ 1/8 եզրափակիչի դիմակայությունից հետո հասկացա, որ մենք Չեմպիոնների լիգայում վերջապես հաղթահարել ենք հոգեբանական պատնեշը:

Շատ բարդ էր թիմին պատրաստելը: Առանց հանդիպումների մենք ունենք խաղային ռիթմի պակաս: Ինձ համար սա արժանի հաղթանակ էր, սակայն, եթե այդքան ուշ ես գոլ խփում, ապա կա նաև հաջողության գործոն: Ես առաջինն եմ, ով խոստովանում է, որ այստեղ անհրաժեշտ է հաջողություն»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մինչև 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ և դուրս եկավ հաջորդ փուլ:

ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում