15:42  +04,  11 օգոստոսի, 2020

Ավետիք Վարդանյան. Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն ունի լիարժեք նոր կազմ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն ունի լիարժեք նոր կազմ, Հայաստանի նոր չեմպիոններով եւ մրցանակակիրներով: Սպասում ենք` մեր նոր չեմպիոններից երկուսին կտանեն բանակ, թե՞ ոչ, քանի որ այս զորակոչի տղաներ են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Օգոստոսի 7-8-ը Երեւանի  «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի երիասարդների Հայաստանի առաջնությունը:

10 քաշային կարգերում չեմպիոն են դարձել՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Ռաֆիկ Արտուշյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Հովիկ Աղբալյանը (79կգ), Համլետ Հախվերդյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Լյովա Գեւորգյանը (97 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Ավետիք Վարդանյանն ամփոփել է Հայաստանի առաջնությունը:

«Հայաստանի առաջնությանը մասնակցեց 59 ըմբիշ՝ մարզերից, Երեւանից եւ Արցախից: Մրցումները բարձր մակարդակով անցան կազմակերպչական եւ մրցավարական աշխատանքի առումով: Մասնակիցների թվից դժգոհ եմ. 59 մասնակից երկրի առաջնության համար վատ է:

Որակական առումով՝ ունենք այն, ինչ ունենք: Համավարակով պայմանավորված ըմբիշները մարզվել էին, պատրաստվել իրենց հնարավորությունների չափով: Մշտական կապի մեջ ենք եղել բոլորի հետ, անձնական մարզիչների հետ, գիտենք՝ ով, ինչպես է մարզվել, ինչ պայմաններում:

Ըմբիշների մարզավիճակը բավարար էր, ոչ գերազանց: 10 քաշային կարգերում ունենք նոր չեմպիոններ, այսինքն՝ ունենք լիովին նոր թիմ՝ նոր չեմպիոններով եւ մրցանակակիրներով: Նախորդ կազմը, որտեղ հիմնականում 1999 թվականի ծնվածներն էին, նրանց թվում նաեւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը եւ նրա թիմակիցները, համալրեցին մեծահասակների հավաքականը»,- ասաց Ավետիք Վարդանյանը:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչի խոսքով, մասնակիցների ցածր ցուցանիշը պայմանավորված է բանակային տարիքով:

«Հիմա այլեւս չունենք ինստիտուտների, քոլեջների տարկետումներ, ինչպես առաջ էր: Գնում են բանակ: Բոլորը չեն կարող 17 տարեկանում արդյունք գրանցել. տղաներ կան՝ աճը նկատվում է 18-20 տարեկանում: Գաղտնիք չէ. ինչ ունենք, սա է:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով տարկետումից զրկված մարզիկներին, այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ երբեք կանխատեսումներ չեմ անում: Ես չեմ կարող ասել՝  այս կամ այն ըմբիշը հաստատ կարող էր արդյունք անել, բայց զրկվեց եւ այլն, եւ այլն: Միայն կարող եմ ասել, որ կան խոստումնալից ըմբիշներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել: Խոսքն այն ըմբիշների մասին է, որոնք միջազգային մրցումներում շատ լավ են հանդես եկել, այստեղ արդեն Հայաստանի չեմպիոններ են ու այժմ սպասում ենք՝ երկու օրից բանակ կգնա՞ն, թե՞ ոչ: Այս պահին ունենք Հայաստանի երկու նորընծա չեմպիոն, որոնք այս զորակոչի տղաներ են եւ պետք է գնան բանակ:

Ունենք նաեւ այլ օրինակ: Հայաստանի առաջնությունից 2 ամիս առաջ մարզիչներին, մարզադպրոցներին հարցրել էինք՝ քանի հոգով են մասնակցելու մրցմանը, նրանք այլ թիվ էին ասել, բայց ներկայացան քիչ թվով: Հարցրեցինք՝ ինչո՞ւ, ասացին՝ տղաներին տարան բանակ:

Մարզերից մասնակցության թիվը չի գոհանում: Հիմնականում Երեւանից են: Մեծ հոսք որեւէ մարզից չունենք. Շիրակի մարզ՝ 7 մասնակից,  Արմավիր՝ 5,  Արցախ՝ 6, մի քանի մարզերից էլ 1-2 մասնակից»,- նշեց Ավետիք Վարդանյանը:

Ավագ մարզիչը տեղեկարցեց, որ օգոստոսի 17-ից Ծաղկաձորում կմեկնարկի թիմի առաջին հավաքը կարանտինից հետո:

«Մրցաշարային պլանը դեռ հաստատված չէ: Նախնական տվյալերով, դեկտեմբերին տեղի կունենա երիտասարդների աշխարհի առաջնությունը, դեռ այս մրցմանը «ձեռք չեն տվել»: Մեր ուսումնամարզական հավաքներն արդեն ծրագրել ենք, բոլորն էլ պետք է անցնենք: Հրավեր ունենք նաեւ Բելառուսի միջազգային մրցաշարից, որը տեղի է ունենալու սեպտեմբերին: Եթե համավարակային պայմանները թույլ տան եւ մեզ թույլատրեն մեկնել, կմասնակցենք: Կիրակի կմեկնենք Ծաղկաձոր, կանցնենք երկշաբաթյա հավաք, իսկ մինչև այդ թիմը կթեստավորվի: Եթե վարակակիր ունենանք, կամ հավաքը չենք անցկացնի, կամ միայն վարակակիրները չեն մասնակցի: Առաջնությունից առաջ էլ շուրջ 150 թեստ է հանձնվել եւ, ի ուրախություն մեզ, ոչ մի դրական պատասխան չենք ունեցել»,- մանրամասնեց Ավետիք Վարդանյանը:

Օգոստոսի 11-ին մեկնարկել է հունահռոմեական ըմշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ