10:22  ,  11 օգոստոսի, 2020

«Կայրաթի» գլխավոր մարզիչ. «Նոան» լուրջ մրցակից է

Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին անդրադարձել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանությանը, որի արդյունքում նրա գլխավորած թիմը կմրցի Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոայի» հետ:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր խաղի վրա կենտրոնանանք մրցաշրջանի վերսկսումից հետո, այդ պատճառով դեռ ժամանակ կունենանք մրցակցին ուսումնասիրելու ու պատրաստվելու համար: Կարծում եմ՝ «Նոայի» հետ կստացվի թեժ ու հուզական հանդիպում: Դա լուրջ մրցակից է, որը ամեն ինչ կքամի մեզանից ու կպահանջի: Թիմն արդեն անցկացրել է պաշտոնական հանդիպումներ, երկրի Սուպերգավաթի խաղում հաղթել է չեմպիոնին: Մենք հայկական ակումբների դեմ խաղալու փորձ ունենք ընկերական հանդիպումներում: Մեծ առավելություն է, որ խաղալու ենք տանը: Իհարկե, մեր առջև դրվել է հաղթելու ու հաջորդ փուլ դուրս գալու խնդիր: Միևնույն ժամանակ, չի կարելի թերագնահատել մրցակցին:

Թիմը շատ լավ մարզավիճակում է մոտենում Եվրոպայի լիգային: Մենք միշտ տոնուսի մեջ ենք: Այո, մենք չենք ունեցել պաշտոնական խաղեր, սակայն անցկացրել ենք երկկողմանի ստուգողական հանդիպումներ: Տղաներն իդեալական մարզավիճակում են, պարզապես պետք է սկսել խաղալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Կայրաթի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» և «Նոայի» միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Ղազախստանում: Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի դիմակայությունները կանցկացվեն մեկ խաղով: «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, վերջերս թիմի կազմը համալրել էր նաև Բրազիլիայի հավաքականի ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը: Ղազախական ակումբը նախորդ հանդիպումն անցկացրել է հուլիսի 1-ին: Ղազախստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում