09:14  ,  11 օգոստոսի, 2020

Հայկական ակումբների շանսերը եվրագավաթներում (ֆոտո)

Հայկական ակումբներն իմացան մրցակիցներին եվրագավաթների որակավորման մեկնարկային փուլում: Եթե Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և բրոնզե մեդալակիր «Ալաշկերտի» համար վիճակահանությունը կարելի է հաջող համարել, ապա եվրագավաթներում նորամուտը նշող «Նոայի» և առանց թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստների մնացած Գյումրիի «Շիրակի» համար ավելի բարդ վիճակահանություն դժվար էր պատկերացնել: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, այս տարի դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով, ինչը նշանակում է, որ վիճակահանությունից շատ բան է կախված, սակայն, մյուս կողմից, խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների և տնային հանդիպման կարևորությունը նախկինի պես մեծ չէ:

«Արարատ-Արմենիա»

Նախորդ տարի հայկական ակումբների համար պատմական նվաճման հասած ու Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ հասած «Արարատ-Արմենիան» այս տարի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կհանդիպի Կիպրոսը ներկայացնող «Օմոնիային», որն այս տարի չէր արժանացել չեմպիոնի կոչմանը, սակայն հնարավորություն էր ստացել մասնակցել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարին: Կիպրոսի առաջնությունն այս տարի անավարտ մնաց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Առաջնության դադարեցման պահին «Օմոնիան» հավասար միավորներ ուներ մյուս առաջատար «Անարտոսիսի» հետ, որին գերազանցում էր լրացուցիչ ցուցանիշներով:

Հաշվի առնելով, որ «Արարատ-Արմենիայի» մյուս 2 հնարավոր մրցակիցներն էին բուլղարական «Լուդոգորեցն» ու ռումինական «Կլուժը», վիճակահանությունը կարելի է հաջող համարել Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմի համար: Բացի այդ, Հայաստանի չեմպիոնը հանդիպումը կանցկացնի տանը (օգոստոսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում):

«Օմոնիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ, իսկ պարտվելու դեպքում հայկական ակումբը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլից:

«Օմոնիան» նախորդ պաշտոնական խաղն անցկացրել է մարտի 7-ին (Կիպրոսի հաջորդ առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 22-ին): Դրանից հետո կիպրոսյան թիմը մասնակցել է 7 ընկերական խաղերի, սակայն այդ առումով «Արարատ-Արմենիան» ավելի նախընտրելի վիճակում է, քանի որ Հայաստանի առաջնության ավարտից շատ ժամանակ չի անցել, և թիմը խաղային ռիթմի մեջ է: Միակ խնդիրն այն է, որ մարզչական փոփոխությունից հետո «Արարատ-Արմենիային» դեռ ինչպես հարկն է չենք տեսել գործի մեջ:

«Նոա»

Այս մրցաշրջանում հայկական ֆուտբոլի իսկական հայտնությունը դարձած «Նոան» եվրագավաթներում նորամուտը կնշի բարդ մրցակցի դեմ արտագնա խաղով: Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը նվաճած, գավաթակիր ու սուպերգավաթակիր դարձած երևանյան թիմը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի ղազախական «Կայրաթի» հետ, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Ղազախական ակումբի կազմը վերջերս համալրել էր նաև Բրազիլիայի հավաքականի ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը: Իգոր Պիկուշչակի թիմի մյուս հավանական մրցակիցներն էին «Ունիվերսիտատեա Կրայովան» (Ռումինիա), «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա) և «Բաչկա Տոպոլան» (Սերբիա):

Առաջին հայացքից թվում է, որ «Նոային» բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը, սակայն պետք չէ շտապել: Ղազախստանի առաջնությունը մեկնարկային 4 տուրերից հետո անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Կայրաթը» նախորդ հանդիպումն անցկացրել է հուլիսի 1-ին: Կորոնավիրուսի պատճառով թիմը նույնիսկ չի ունեցել ընկերական խաղեր անցկացնելու հնարավորություն և այժմ մեծ խնդիրներ ունի այդ առումով, իսկ «Նոան» հրաշալի մարզավիճակում է այս պահին: Իհարկե, ղազախական ակումբը դեռ ժամանակ ունի մինչև օգոստոսի 27-ը կայանալիք դիմակայությունը, սակայն, թե ինչ մարզավիճակում է թիմը և ինչ վիճակում կմոտենա «Նոայի» հետ խաղին, դեռ անորոշ է:

«Ալաշկերտ»

Հայաստանի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտի» համար ավելի հաջող վիճակահանություն, երևի, դժվար էր պատկերացնել: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգոստոսի 27-ին Երևանում կմրցի մակեդոնական «Ռենովայի» հետ, որը նախորդ մրցաշրջանում չորրորդն էր Մակեդոնիայի առաջնության դադարեցման պահին (Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունն անավարտ էր մնացել 23-րդ տուրից հետո): Հայաստանի եռակի չեմպիոնի մյուս հավանական մրցակիցներն էին վրացական «Սաբուրթալոն» ու Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Ժելեզնիչարը»:

Մակեդոնիայի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին, իսկ առաջին տուրում «Ռենովան» տանը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Ստրուգայի» հետ: 2003 թվականին հիմնադրված ակումբը նախկինում մեկական անգամ հռչակվել է Մակեդոնիայի չեմպիոն (2009/10թթ. մրցաշրջանում) ու գավաթակիր (2011/12թթ.), ինչպես նաև 2 անգամ դարձել երկրի բրոնզե մեդալակիր (2008/09թթ., 2010/11թթ.): Հաշվի առնելով, որ խաղը տեղի է ունենալու Երևանում, «Ալաշկերտի»՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերն ավելի, քան իրատեսական են:

«Շիրակ»

Առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների մնացած Գյումրիի «Շիրակի» գործերն ամենավատն են: Գյումրեցիներն օգոստոսի 27-ին Բուխարեստում կմրցեն Ռումինիայի 26-ակի չեմպիոն «Ստյաուայի» հետ: «Շիրակի» մյուս հավանական մրցակիցներն էին Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը» և բուլղարական «ԲԿՄԱ-Սոֆիան»: Ռումինիայի անավարտ մնացած առաջնությունում «Ստյաուան» 5-րդ տեղում էր դադարեցման պահին, իսկ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել է 24-րդ անգամ երկրի գավաթակիր դառնալու շնորհիվ: Նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ստյաուայի» հետ հանդիպել էր նաև «Ալաշկերտը», որը տնային խաղում 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Բուխարեստում 3:2 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ ռումինական ակումբի նկատմամբ, սակայն լքեց պայքարը: «Ստյաուան» հասավ մինչև որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ պարտվեց պորտուգալական «Վիկտորիային» (0:0, 0:1): «Ստյաուան» նախորդ պաշտոնական հանդիպումն անցկացրել է հուլիսի 31-ին՝ 0:2 հաշվով պարտվելով Ռումինիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած «Կլուժին»: Ռումինիայի նոր առաջնության մեկնարկի ժամկետները դեռ հայտնի չեն:

Նոր մրցաշրջանում «Շիրակի» առջև լուրջ նպատակներ դրված չեն, ինչից կարելի է ենթադրել, որ եվրագավաթներում թիմից լուրջ անկնկալիքներ ունենալը բարդ է:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով