12:31  ,  9 օգոստոսի, 2020

Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Պորտուգալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի մասին։ Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս թողած մանչեսթերյան թիմը կմրցի ֆրանսիական «Լիոնի» հետ, որը հաղթահարել է Թուրինի «Յուվենտուսի» արգելքը։

«Նման կլինի աշխարհի առաջնության, ամեն հանդիպում՝ եզրափակիչ։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի «Լիոնի» հետ խաղը։ Երկրորդ շանս արդեն չի լինի։

Իհարկե, մենք կձգտենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց եթե չստացվի, չենք համարի աղետ։ Մի բան գիտեմ՝ եթե ստիպված լինեմ հեռանալ ակումբից, ապա կհիշեմ միայն լավը։ Խնդիրը միայն տիտղոսները չեն։ Անգլիացիների հետ հարաբերություններս չեն փչանա, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում։

Այդպես եղել է Մյունխենում։ «Բավարիայի» հետ նվաճեցինք բազմաթիվ տիտղոսներ, բայց Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճեցինք։ Դա չի նշանակում, որ Մյունխենում երջանիկ չեմ եղել եւ չունեմ այնտեղ ընկերներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս զույգի  հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում