09:14  ,  9 օգոստոսի, 2020

Սպորտային կյանքը Վայոց Ձորում. «Նորավանքի» հեռանկարային ծրագրերը (ֆոտո)

Նորաստեղծ «Նորավանք» ֆուտբոլային ակումբը կներկայացնի Վայոց Ձորի մարզը և նոր մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Մինչև սեփական ստադիոնի վերակառուցման աշխատանքների ավարտը թիմը տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանում: Ակումբը հիմնադրվել է ԱՄՆ-ում բնակվող Սիմոն և Լինդա Բալյանների ու նրանց որդի Գարո Բալյանի կողմից։ Վերջինս նաև ակումբի սպորտային տնօրենն է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գարո Բալյանը մանրամասներ հայտնեց նորաստեղծ ակումբի մասին:

Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում սպորտային ակումբ հիմնադրելու գաղափարը:

Նախորդ տարի ես հանդես էի գալիս «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի կազմում: Ակումբում 5 ամիս խաղալուց հետո ես վերադարձա Նյու Յորք: Այնտեղ ծնողներս ինձ ասացին, որ ցանկանում են ակումբ հիմնադրել Հայաստանում, և ես շատ ոգեշնչվեցի այդ մտքից: Այդպես սկսեցինք զբաղվել այդ հարցով:

Քանի որ «Նորավանքը» սպորտային ակումբ է, ծրագրո՞ւմ եք թիմեր ունենալ նաև այլ մարզաձևերում:

Այո, հայրս ցանկանում էր, որ մեր ակումբը լինի սպորտային: Մենք ծրագրում ենք առաջիկա տարիներին ունենալ նաև ֆուտզալի և բասկետբոլի թիմեր: Հայրս Հայաստանում ակումբ հիմնադրելու ցանկություն ուներ նաև 5 տարի առաջ, սակայն այդ ժամանակ այնքան էլ հարմար պահ չէր: Մենք ունենք ինչպես մարզական նպատակներ, այնպես էլ սոցիալական ծրագրեր:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց Վայոց Ձորի մարզը:

Մենք շատ մտերիմ մարդիկ ունենք Վայոց Ձորում: Նրանց շնորհիվ հասկացանք, որ հնարավոր է արագորեն կյանքի կոչել այդ գաղափարը: Բացի այդ, Վայոց Ձորում սպորտային կյանքն այնքան էլ ակտիվ չէր, և մենք ցանկացանք սպորտը զարգացնել հենց այդ մարզում: Ակումբների մեծ մասը ներկայացնում են Երևանը: Մենք ցանկանում ենք օգտակար գործ անել Վայոց Ձորի մարզում: Վերջին 5 տարիներին ես ամեն տարի եղել եմ Եղեգնաձորում: Այստեղ ապրում են հրաշալի մարդիկ և ափսոս է, որ, ունենալով այդպիսի ներուժ, չօգտագործել դա:

Առաջին մրցաշրջանում թիմի առջև դրվելո՞ւ է Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելու խնդիր:

Մեր նպատակը քայլ առ քայլ առաջ շարժվելն է: Մենք ընդամենը մեկ ամիս ունեինք թիմ հավաքելու համար, քանի որ նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 16-ին: Մենք ունենք ուժեղ թիմ, հրաշալի մարզչական շտաբ: Մեր թիմը համալրված է ինչպես ուժեղ ֆուտբոլիստներով, այնպես էլ լավ մարդկանցով: Հույս ունենք, որ առաջին տարում կկարողանանք լավ խաղալ ու հավակնել մրցանակային տեղերի: Առաջին մրցաշրջանից հետո կհասկանանք, թե ինչն ենք ճիշտ արել, որտեղ ենք թերացել: Եթե անհրաժեշտ լինի ևս մեկ մրցաշրջան անցկացնել Առաջին խմբում, դա խնդիր չի լինի մեզ համար: Մեր նպատակը քայլ առ քայլ առաջ գնալն է, որպեսզի հետագայում կարողանանք ուժեղ թիմ ունենալ:

Առավելագույնը քանի՞ լեգեոնական եք ծրագրում ունենալ այս մրցաշրջանում:

Այս պահին մեր թիմում են 2 ռուսաստանցիներ, ինչպես նաև մեկ հայ ֆուտբոլիստ Ռուսաստանից: Մեր գլխավոր ցանկություններից մեկն այն է, որ թիմում խաղան հայ ֆուտբոլիստներ: Եթե ցանկանում ենք զարգացնել հայկական ֆուտբոլը, ապա չի կարող այնպես լինել, որ ամբողջ թիմը կազմված լինի լեգեոնականներից: Մենք պետք է ունենանք նաև մանկապատանեկան թիմեր և ծրագրում ենք, որ հետագայում գլխավոր թիմի խաղացողների 30 տոկոսը լինեն Վայոց Ձորից:

Թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, չնայած երիտասարդ տարիքին, փորձառու է և հասցրել է նաև աշխատել արտասահմանում, սակայն Հայաստանում հաճախ չես հանդիպի, երբ մարզիչի հետ կնքում են 3 տարվա պայմանագիր: Ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգ առավ հենց այդ մասնագետի վրա:

Մենք հանդիպել ենք նաև մի քանի այլ մարզիչների հետ, սակայն նրանք այլ կերպ էին պատկերացնում նորաստեղծ ակումբի զարգացման ուղին: Մենք նպատակ ունենք քայլ առ քայլ առաջ գնալ։ Վահե Գևորգյանը համապատասխանում է մեր ծրագրերին ու նպատակներին: Նա երիտասարդ, բայց շատ բարձրակարգ ու փորձառու մարզիչ է: Մեր մարզիչը շատ լավ է հասկանում ֆուտբոլը: Բացի այդ, նա շատ լավ է օգտագործում հոգեբանությունը: 

Ակումբի ֆինանսավորումը տարեցտարի ավելանալո՞ւ է, թե ունեք հստակ բյուջե, որը կպահպանվի առաջիկա տարիներին:

Մենք արդեն սկսել ենք Վայքի ստադիոնի վերանորոգման աշխատանքները: Այդ ստադիոնի վիճակը շատ վատ էր: Արդեն սկսել ենք արհեստական խոտածածկի տեղադրումը, կվերանորոգվի նաև տրիբունան: Ծրագրում ենք վերակառուցել նաև Եղեգնաձորի ստադիոնը, որտեղ կլինի բնական խոտածածկով խաղադաշտ: Առաջին տարվա համար դրանք մեծ ծախսեր են: Բյուջեի հետ կապված ամեն բան կախված է առաջին մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքներից:

Ստացվում է, որ ակումբն ունենալու է 2 ստադիոն: Որտե՞ղ է խաղալու գլխավոր թիմը:

Մինչև Եղեգնաձորի ստադիոնի պատրաստ լինելը հանդես կգանք Վայքում: Հետո մեր գլխավոր թիմը կտեղափոխվի Եղեգնաձոր, իսկ ակադեմիան կլինի Վայքում: Եղեգնաձորում մենք արդեն գնել ենք ստադիոնի հարևանությամբ գտնվող շենքը, որպեսզի մեր ֆուտբոլիստները կարողանան բնակվել այնտեղ: Լինելու է եվրոպական մոդելով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ հարցով աջակցե՞լ է ձեզ:

Այո, մենք շատ լավ հարաբերություններ ուենք ֆեդերացիայի հետ, և խաղադաշտերի հետ կապված հարցերը կազմակերպում ենք նրանց հետ: Ֆեդերացիան շատ է օգնել մեզ: Այնտեղ աշխատում են շատ լավ մարդիկ: Մեծ հույսեր ունենք, որ ֆեդերացիայի այս կազմը կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Արդեն հասցրել եք անցկացնել մի քանի ընկերական խաղեր: Ընդհանուր առմամբ, սկիզբը գոհացնո՞ղ է:

Կարծում եմ՝ ընդամենը մեկ ամսվա թիմի համար լավ խաղ ենք ցուցադրում: Խաղային առումով շատ հարցեր պարզ են: Մեր մարզչական շտաբը թիմին հստակ փոխանցել է իր պահանջները: Թիմը շատ լավ է պատրաստված նաև ֆիզիկական առումով: Մենք շատ հանգիստ ենք, քանի որ վստահ ենք մեր մարզչական շտաբի վրա:  

Ավարտված մրցաշրջանում Հայաստանի Առաջին խումբը ձեռք բերեց պայմանավորված խաղերի լիգայի համբավ: Դա Ձեզ չէ՞ր անհանգստացնում հայկական ֆուտբոլում ներգրավվելու հարցում:

Ոչ, անհանգստություն չկա, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ հետևողական է ու լուրջ աշխատանք է կատարում այդ հարցով: Մենք վստահ ենք, որ հաջորդ մրցաշրջանում նման միջադեպեր չեն գրանցվի:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով