21:57  ,  8 օգոստոսի, 2020

Ռոնալդու․ Կարճ արձակուրդը թույլ կտա ընդունել ճիշտ որոշումներ ապագայի համար եւ վերադառնալ ավելի ուժեղ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց հետո Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է թուրինյան ակումբի երկրպագուներին։

«Մրցաշրջանն ավարտվեց սպասվածից շուտ։ Հիմա ժամանակն է վերլուծել սխալները, քանի որ քննադատական մտածողությունը ավելի լավը դառնալու միակ միջոցն է։

«Յուվենտուսի» նման հսկայական ակումբը միշտ պետք է ձգտի լինել լավագույնն աշխարհում, աշխատել լավագույնի նման, որպեսզի մենք կարողանանք մեզ անվանել լավագույններից մեկն աշխարհում։

Մենք հպարտ ենք Ա Սերիայում տարած հաղթանակով, բայց ֆանատները պահանջում են ավելին։ Մենք պետք է արդարացնենք ամենամեծ սպասումները։

Այս կարճ արձակուրդը մեզ թույլ կտա ընդունել ճիշտ որոշումներ ապագայի համար եւ վերադառնալ ավելի ուժեղ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 10 տարում առաջին անգամ հանդես չի գա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Լիոնի» դեմ պատասխան խաղում (2։1) Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, սակայն իտալական թիմը մեկ գոլ բաց թողեց եւ դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում ֆրանսիական թիմը տանը հաղթել էր 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում