18:10  ,  6 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգայի ակումբները դեմ քվեարկեցին հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստների 5 փոփոխությանը

Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն ընդհանուր ժողովում քննարկել են հաջորդ մրցաշրջանում VAR-ի կիրառման եւ ֆուտբոլիստների հինգ փոփոխությունների կանոնները։

Որոշում է ընդունվել հաջորդ մրցաշրջանում վերադառնալ խաղացողների երեք փոփոխության։ Պահեստային խաղացողների թիվը չի կարող լինել յոթից շատ, հաղորդում է BBC-ն։

Ակումբների մեծ մասը համարում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կիրառված հինգ փոփոխության հնարավորությունը օգուտ է տվել հարուստ ակումբներին, որոնք ամեն խաղային դիրքի համար ունեն հավասարազոր փոխարինողներ։

Ակումբները միաձայն կողմ են քվեարկել կրկնապատկերի VAR մրցավարական համակարգի կիրառմանը ՖԻՖԱ-ի կանոններին համապատասխան։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի կանոնները կարգավորող Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) երկարաձգել էր հինգ փոփոխությունների կանոնը, սակայն ամեն առաջնություն կարող է կիրառել կամ չկիրառել այն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում